Թորնիկե Ռիժվաձեին տեղափոխել են Թուրքիա

Թորնիկե Ռիժվաձեին բուժման նպատակով տեղափոխել են Թուրքիա։ Տեղեկությունը «Ֆորմուլա» լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան հաստատել է Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լալի Տուրձելաձեն։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Ռիժվաձեն կրծքավանդակի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Սագարեջոյի հիվանդանոց։ Նրան տեղում շտապ վիրահատել են. վնասվել էր նրա թոքը։ Դրանից հետո նա տեղափոխվել է Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկա։

Նրա գործով հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով` ինքնասպանության հասցնելը։ ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ իրականացվում են ինտենսիվ քննչական գործողություններ։

Ըստ ՆԳՆ-ի՝ մեկ կասկածյալ ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի հատկանիշներով՝ հրազենի անփույթ պահպանում։ Ձերբակալվածը Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալության տնօրեն Ալեքսի Ախվլեդիանին էր. նա գրավի դիմաց դատարանի դահլիճից ազատ է արձակվել։