Շվեդիայում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ շվեդ բարձրաստիճան պաշտոնյան լուրջ մտահոգություններ է հայտնել Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։
Տեղեկությունը սոցիալական ցանցերում տարածել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը։
«Ընդդիմության առաջնորդների ձերբակալությունն ու կալանավորումը, նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, խաղաղ ցուցարարների և անկախ լրագրողների նկատմամբ կամայական կալանավորումներն ու աճող ճնշումները զգալիորեն նպաստում են Վրաստանում ժողովրդավարության ապամոնտաժմանը, ինչը հակասում է եվրոպական նորմերին և արժեքներին։
Ուրբաթ՝ հուլիսի 11-ին, Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ բարձրաստիճան ներկայացուցիչը լուրջ մտահոգություններ է հայտնել Վրաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ», — գրել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ստեներգարդը X հարթակում, (բարձրաստիճան ներկայացուցչի անունը նշված չէ)։