«Լելո»-ն կոչ է անում Ուկրաինայում սանձազերծվող գործողությունները մարդկության դեմ հանցագործություն որակել

Ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը կոչ է անում վրացական իշխանություններին` հստակ գնահատել Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կատարած գործողությունները որպես ռազմական և մարդկության դեմ հանցագործություններ։

Կուսակցությունը տարածած հայտարարությամբ նաև կոչ է անում իշխանություններին` ժամանակին վերանայել և ընդունել ռազմական հանցագործությունների վերաբերյալ «Լելոյի» ներկայացրած բանաձևը։

«Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի Դաշնության իրականացրած զանգվածային հրթիռային հարձակումը ողջ աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ահաբեկչական պետություն է, որը բացահայտ ահաբեկչական գործողություններ է իրականացնում այլ ինքնիշխան պետությունների տարածքում։ Պուտինյան Ռուսաստանի այսօրվա ահաբեկչության նպատակը ուկրաինացիների շրջանում վախի սերմանումն է։ Բայց աշխարհը տեսնում է, որ Ուկրաինան ու ուկրաինացիներն ամեն օր ուժեղանում են։ Ուկրաինան կհաղթի, իսկ այդպիսով կհաղթի նաև ազատ աշխարհը»,- ասված է կուսակցության հաղորդագրության մեջ։

Նրանք նաև նշել են, որ 2022 թվականի փետրվարի 24-ին` Ուկրաինա չհրահրված և չարդարացված ներխուժումից ի վեր, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը կատարում են ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ՝ ցեղասպանության հնարավոր նշաններով.

«Այսօր, երբ քաղաքակիրթ աշխարհն իր ձայնն է բարձրացնում Պուտինի ահաբեկչական ռեժիմի իրականացրած ռազմական հանցագործությունների դեմ, Վրաստանի կառավարող թիմը նախընտրում է լռությունը։ «Վրացական երազանքի» խորհրդարանական թիմը դեռ չի քննարկել ամիսներ առաջ «Լելոյի» ներկայացրած բանաձևի նախագիծը, որը Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գործողությունները գնահատում է որպես ռազմական հանցագործություն և մարդկության դեմ հանցագործություն։ Չնայած միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անմիջական կոչերին, որ Վրաստանը միանա նմանատիպ իրավական և քաղաքական գնահատականներին, վրացական իշխանությունները ոչ մի ջանք չեն գործադրել պաշտպանելու մեր գործընկեր Ուկրաինային կամ Վրաստանի ազգային շահերը»:

Նշենք, որ առկա տեղեկության համաձայն՝ այսօր ռուսական ռազմական ուժերը երկար դադարից հետո հարձակում են իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա:

Նախագահը արձագանքել է Ուկրաինայի քաղաքների ռմբակոծմանը