Պահանջում են Սաակաշվիլիի նկատմամբ պատշաճ վերաբերմունք և Վրաստանից դուրս բժշկական օգնության ցուցաբերում. ՀԿ-ներ

Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների (ՀԿ) կարծիքով՝ կալանքի տակ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ պատշաճ վերաբերմունքի մասին որոշումը պետք է կայացվի անհապաղ, այդ թվում՝ Վրաստանից դուրս բժշկական օգնություն ցուցաբերելու միջոցով։ 

Ըստ ՀԿ-ների՝ Սաակաշվիլին պետք է անհապաղ բուժօգնություն ստանա, և նման որոշում կայացնելիս պետք է բացառվի քաղաքական նպատակահարմարության ցանկացած դրդապատճառ։ 

ՀԿ-ների կարծիքով՝ համապատասխան կառույցները պետք է առաջնորդվեն միայն կյանքի, առողջության և անձնական անվտանգության մարդու իրավունքների պաշտպանության չափորոշիչներով։ 

«Ցանկանում ենք հանրությանը հիշեցնել, որ Վրաստանի հանրային պաշտպանի հովանու ներքո ստեղծված Այլընտրանքային բժշկական խորհրդի եզրակացության համաձայն՝ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծանր է, նա ունի ֆիզիկական և հոգեբանական լուրջ առողջական խնդիրներ՝ կապված այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսին է անորեքսիան և հետտրավմատիկ սթրեսային խանգարումը: 

Հաշվի առնելով վերը նշվածը՝ մենք պահանջում ենք, որ Վրաստանի երրորդ նախագահին անհապաղ մատուցեն բժշկական ծառայություններ, որոնք անհրաժեշտ են կյանքի և առողջության իր հիմնարար իրավունքների ապահովման համար։ Սա բխում է պետության սահմանադրական և միջազգային իրավական պարտավորություններից»,- ասված է հայտարարության մեջ։ 

Հայտարարության տակ տորագրել են հետևյալ ՀԿ-ները. 

  • Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամ (OSGF), 
  • Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան (TI),
  • Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն (ISFED), 
  • Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոն (EPRC), 
  • Վրաստանի դեմոկրատական ​​նախաձեռնություն (GDI), 
  • Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտ (DRI), 
  • Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ (IDFI), 
  • Մարդու իրավունքների կենտրոն (HRC) և այլն: