Ֆիննախ-ը հերքել է դեպի ՀՀ գազի «արգելափակման» մասին տեղեկությունը

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարել է, որ Վրաստանում հայկական բեռների, այդ թվում՝ հեղուկ գազի «արգելափակման» մասին տեղեկությունը ճիշտ չէ։

Հայտարարության մեջ եկամուտների ծառայությունը նշել է, որ «ապատեղեկատվությունը» նպատակ ունի մոլորեցնելու հանրությանը, վարկաբեկելու գործակալությանը և այդ թեման քաղաքական հարցի վերածելու։

«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն արձագանքում է որոշ լրատվամիջոցների և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից Վրաստանում հայկական բեռների (այդ թվում՝ գազային արտադրանքի) ենթադրյալ «արգելափակման» մասին արված հերթական ապատեղեկատվական հայտարարությանը և պարզաբանում, որ սա ամբողջությամբ սուտ է, ծառայում է հանրության մոլորեցմանը, գործակալության վարկաբեկմանը և թեման քաղաքական հարցի վերածման փորձին», — նշված է հաղորդագրության մեջ:

Հատկանշական է, որ հայաստանյան «Ազատություն» ռադիոկայանի հուլիսի 11-ի փոխանցմամբ` Վրաստանի Ստեփանծմինդա-Լարս ավտոհավաքակայանում ավելի քան հինգ տասնյակ հայկական գազատար մեքենաներ լուսաբացից սպասում են մաքսային ընթացակարգերի ավարտին, որ հեղուկ գազով բեռնված մեքենաները հասցնեն Հայաստան։

Ըստ ռադիոկայանի` տեղից ահազանգող վարորդներն ասել են, որ Վրաստանի մաքսային ծառայությունը նոր խստացումներ է կիրառում Ռուսաստանից Հայաստան վերադարձող գազատարների նկատմամբ` առանց հստակ պատճառաբանության կամ պաշտոնական բացատրության։

Վերոնշյալին արձագանքել էր նաև Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նրա խոսքով` հայկական բեռների տարանցման արգելափակումը խաթարում է վրաց-հայ դարավոր բարեկամության ոգին: