Գախարիան՝ վարչապետի հայտարարության մասին

Վրաստանի նախկին վարչապետ, «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան սոցիալական ցանցում գրառում է կատարել ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ զարգացումների մասին։

Նրա խոսքով, Վրաստանի ժողովրդի գլխավոր նպատակը համախմբվելն է ազգային մեծ գաղափարի շուրջ, որն անկախ, ուժեղ, արդար և ժողովրդավարական պետություն կառուցելն է։

Ըստ Գախարիայի, Վրաստանի անկախության և ինքնիշխանության պաշտպանության համար 1921 թվականի փետրվարյան մարտերում զոհված հերոսների նկատմամբ հարգանքը հենց այդ առաքելությունն է պարտադրում։ Փետրվարի 25-ը Վրաստանում հայտարարված է խորհրդային օկուպացիայի օր։

«Այսօր Խորհրդային միության օկուպացիայի օրն է։ Ցավոք, մենք այսօր էլ դեռ պետք է պայքարենք Վրաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու, Վրաստանն ապաշրջափակելու և տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Փետրվարի 25-ն այն օրն է, որը մեկ դար առաջ անհավասար պայքարում Վրաստանին բաժանեց եվրոպական ընտրությունից», — նշել է Գախարիան։

Անդրադառնալով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարաիբաշվիլիի հայտարարությանը, Գախարիան ընդգծել է, որ դա չի արտահայտում վրաց ժողովրդի տրամադրությունները։

«Դիմում եմ ուկրաինացի ժողովրդին, Վրաստանի վարչապետի հայտարարությունը չի համապատասխանում վրաց ժողովրդի տրամադրվածությանը․ վրաց ժողովուրդը կանգնած է ուկրաինացիների կողքին։ Մարդիկ, ովքեր խարխլում են այս միասնությունը, ջուր լցնելով ագրեսորի ջրաղացին, վստահ եմ պատասխանատվության կենթարկվեն», — գրել է Գախարիան»։