Մառնեուլիի շրջանաձև ճանապարհի վերանորոգումն ավարտվել է

Ըստ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչության՝ Մառնեուլիի շրջանաձև ճանապարհի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։

Նախագծի արժեքը կազմում է մոտ 3 մլն 400 հազար լարի և  ամբողջությամբ ֆինանսավորվել է պետական բյուջեից։

Նախագծի շրջանակում իրականացվել է ասֆալտ-բետոնե նոր ծածկի տեղադրում, վերականգնվել են վնասված ճանապարհային նշանները, և ավարտվել են հորիզոնական գծանշման աշխատանքները։

«Մառնեուլիի շրջանաձև ճանապարհն անցնում է քաղաքի կենտրոնով և կարևոր տրանսպորտային հանգույց է, որը կապում է քաղաքի ներքին փողոցները միջազգային նշանակության ավտոմայրուղուն։ Այդ հատվածն ինտենսիվորեն օգտագործվում է թե՛ թեթև, թե՛ բեռնատար տրանսպորտի կողմից և ծառայում է ինչպես տեղական բնակչությանը, այնպես էլ Մառնեուլիի միջով անցնող ճանապարհորդներին։

Իրականացված աշխատանքների արդյունքում բարելավվել է ճանապարհային անվտանգությունը, և մեծացել է տրանսպորտային հոսքերի տարանցիկ հնարավորությունը քաղաքի կենտրոնական հատվածում», – ասված է Ճանապարհների վարչության մամուլի հաղորդագրությունում։

Գերատեսչությունը նաև հաղորդել է, որ Մառնեուլիում ջրամատակարարման համակարգերի ներկայում իրականացվող շինարարության շրջանակում վնասված ավտոճանապարհների ամբողջական վերականգնումը կսկսվի ջրամատակարարման աշխատանքների ավարտից հետո։