Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 2

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հարկային մոնիտորինգի վարչության աշխատակիցները հոկտեմբերի 1-31-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի ողջ տարածքում իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում բացահայտել են 15 հազար 709 տուփ և ավելի քան 94 կգ առանց ակցիզի ծխախոտի արտադրանքի ապօրինի պահեստավորման և տեղափոխման 224 փաստ։

Վրաստանի հաց արտադրողների ասոցիացիայի ղեկավար Մալխազ Դոլիձեն հայտնել է, որ ներմուծվող և տեղական արտադրության ալյուրի գինը հավասարվել է, ինչն աննախադեպ երևույթ է:

Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի ղեկավար Լևան Սիլագավայի խոսքով, Վրաստանում ալյուրը կթանկանա մեկ ամսից, սակայն դա վերջնական արտադրանքի գնի վրա չի ազդի։

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան կոչ է անում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` օգտվել իր սահմանադրական իրավունքից և ազատություն շնորհել ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային։

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Խատիա Դեկանոիձեն Վրաստանի նախագահին կոչ է անում ներում շնորհել «Մթավարի արխի» հեռուսաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային։

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային բանտում թողնելու փաստին և նշել, որ այն ժամանակ, երբ Վրաստանի հավատարմությունն անաչառ դատական ​​համակարգին ու ԶԼՄ-ների բազմակարծությանը հատուկ քննության առարկա է՝ Գվարամիայի շարունակվող ազատազրկումը վտանգի տակ է դնում վրաց ժողովրդի հստակ ընտրությունը և վրաց առաջնորդների հայտարարած նպատակը՝ ավելի անվտանգ, ժողովրդավարական, եվրոպական ապագա:

Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը, արձագանքելով Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի գործով վերաքննիչ դատարանի այսօրվա որոշմանը, ասել է, որ որոշումը կասկածի տակ է դնում Վրաստանի եվրոպական ուղին։

Ցածր բյուջետային թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը կանոնավոր թռիչքներ է սկսել Անկարա-Թբիլիսի-Անկարա ուղղությամբ՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանից։

Ուկրաինայում Ռուսաստանի դեմ մարտնչող ևս մեկ վրացի է զոհվել։ Առկա տեղեկություններով` զոհվածը Լևան Մենգաշվիլին է: