Թբիլիսիի 104-րդ դպրոցի շրջանավարտների հաջողության պատմությունը. բարձր արդյունքներ քննությունից

Օգոստոսի 1-ին Ազգային գնահատման և քննությունների կենտրոնը հրապարակեց 2025 թվականի մի շարք առարկաների միասնական ազգային քննությունների արդյունքները, այդ թվում` «Ընդհանուր ունակությունների: 

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը զրուցել է վերոնշյալ քննությունը հանձնած և անցողիկ շեմը հաջողությամբ հաղթահարած, Թբիլիսիի միակ հայալեզու 104-րդ հանրային դպրոցի դիմորդների հետ. դիմորդները կիսվել են իրենց նախնական սպասելիքներով, դժվարություններով և հետագա պլաններով:

104-րդ դպրոցի շրջանավարտները նշում են՝ քննական շրջանը թեև լարված էր և հոգնեցուցիչ, սակայն միշտ պատասխանատվորեն են մոտեցել` վստահ լինելով իրենց գիտելիքների վրա:

104 դպրոցի աշակերտուհի Վերոնիկա Ոսկանյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում պատմում է, որ նախաքննական շրջանը շատ լարված է եղել, սակայն շրջապատի օգնությամբ կարողացել է կենտրոնանալ և ամբողջությամբ իրեն տրամադրել պատրաստվելուն:

«Առանց երկմտանքի հավատում էի ձեռք բերված գիտելիքներիս, որը օգնեց հասնել իմ նպատակին։ Իհարկե, դժվարություններ կային, սակայն համոզված եմ, լավ նախապատրաստվելու դեպքում հնարավոր է հաղթահարել անցողիկ շեմը», — ընդգծեց Վերոնիկան:

Քննական շեմը Վերոնիկան հաղթահարել է 66 միավորով՝ հնարավոր 80-ից. ընդունվելու է Իլիայի պետական համալսարան, Բիզնեսի բաժին:

Դիմորդներից Անի Խաչատուրյանը բացի «Ընդհանուր ունակություններ» քննությունից (որտեղ հավաքել է 67 միավոր), հանձնել է նաև վրացալեզու քննություններ, լավ արդյունք է ցուցաբերել: Անին ցանկանում է ընդունվել Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Տնտեսագիտություն (անգլերեն) բաժինը։ Ասում է՝ եթե վրացալեզու քննության միավորները բավականեցնեն, կընդունվի առաջին կուրս՝ նախապատրաստական կուրսի փոխարեն:

«Սպասելիքներս բարձր էին, բայց ստացած միավորներս գերազանցեցին դրանք, ինչը մեծ ուրախություն պարգևեց։ Իմ կարծիքով՝ ոչինչ անհնար չէ, երբ ունես ցանկություն և վստահություն սեփական ուժերիդ նկատմամբ: Վստահ եմ, որ համալսարանում իմ ցուցաբերած մոտեցումն ու աշխատասիրությունը ևս լավ արդյունք կունենան»:

Ռուբեն Թորոսյանը, ով ևս Թբիլիսիի թիվ 104 դպրոցն է ավարտել, հաջողությամբ է հաղթահարել քննական շեմը: Ինչպես Ռուբենն է պատմում, սպասելիքները արդարեցվել են, իսկ քննական շրջանում ավելի հանգիստ է եղել, երբեք խուճապի չի մատնվել: Ռուբենի խոսքով՝ ուսումնասիրել է անցյալ տարիների քննական թեստերը և մոտավոր իմացել՝ թե ինչ միավորի կարելի է սպասել:

«Ընդունվելու եմ Իլիայի պետական համալսարան, այժմ մտածում եմ բիզնես-մենեջմենտ ուղղությամբ, թեև հնարավոր է մեկ տարվա ընթացքում մտափոխվեմ: Հավաքել եմ 59 միավոր, բավականին գոհ եմ արդյունքից», — անկեղծացավ Ռուբենը:

Իլիայի պետական համալսարանի ապագա ուսանողուհի է նաև Մոնիկա Պետրոսյանը, ով 80 հնարավոր միավորից «Ընդհանուր ունակություններ»-ի թեստում հավաքել է 65 միավոր: Ինչպես Մոնիկան է պատմում «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում,  նախաքննական շրջանը պատասխանատու է եղել, բայց, հիմնվելով դպրոցական տարիների ընթացքում կուտակած գիտելիքների վրա, ինչպես նաև ընտանիքի և ուսուցիչների կողմից տրված ահռելի աջակցության շնորհիվ` հեշտությամբ է հաղթահարել այն։

«Սպասելիքներս բարձր էին, ակնկալում էի ոչ միայն ընդունվել, այլև ընդունվել ֆինանսավորմամբ։ Արդյունքները լիովին արդարացրին սպասելիքներս»,-նշում է Մոնիկան, հավելելով, որ այժմ, մասնագիտության առումով ընտրությունը կանգ է առել բիզնես կառավարում բաժնի վրա։

Վերոնիկան, Անին, Ռուբենը, Մոնիկան, Էլեանորան և Ռոմանը թիվ 104-րդ դպրոցի ոսկե մեդալակիրներ են:

Քննական լարված շրջանի մասին հաստատում է նաև Էլինա Սարգսյանը: Էլինան 2025 թվականի քննական թեստերը միջին բարդության է գնահատում, թեև, մնացած դիմորդների նման, ինքն էլ վստահ է եղել ստացած գիտելիքների վրա: Ասում է՝ հավաքել է 62 միավոր, չնայած ավելի լավ կարող էր գրել:

«Արդյունքները շատ ուրախացրին։ Հավաքել եմ 62 միավոր, թեև կարծում եմ՝ կարող էի ավելի լավ գրել։ Մասնագիտության հարցում դեռ վերջնական որոշում չեմ կայացրել, բայց հակվում եմ անգլերեն բանասիրության ուղղությամբ»,-պատմում է Էլինան, ով ևս Իլիայի պետական համալսարանում է շարունակելու ուսումը: Էլինան դպրոցում 9-րդ դասարանն ավարտելիս առաջադիմության համար ստացել է նոթբուք:

Իվանե Ջավախիշվիլիի համալսարան 60 միավորով ընդունվել է նաև Ռոման Համբարձումյանը: Նա ևս վերնշյալ դպրոցի մեդալակիր է: «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում պատմում է, որ քննական շրջանը պատասխանատու էր, չնայած իր հետևողականության շնորհիվ ժամանակին հասցրել է ամփոփել անհրաժեշտ բաժինները:

«Ընդհանուր առմամբ՝ թեստերը կարելի է համարել միջին բարդության։ Ոչ այնքան հեշտ, բայց նաև ոչ էլ շատ դժվար, որ շփոթեցնող լիներ։ Նորմալ պատրաստվածության դեպքում հնարավոր էր հաջողությամբ հաղթահարել։ Ընդունվելու եմ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան։ Արդեն որոշել և ընտրել եմ ծրագրավորում ուղղությունը»,-ասաց Ռոմանը:

104-րդ դպրոցի մեդալակիր շրջանավարտներից Էլեանորա Գևորգյանը «1+4»-ից բացի (որտեղ հավաքել է 54 միավոր) հանձնել է նաև վրացալեզու քննություններ, ցուցաբերելով լավ արդյունք։ Էլեանորայի ընտրությունը կանգ է առել Կովկասի համալսարանի (Caucasus University) վրա։

«Հանձնել եմ վրացալեզու քննությունները բավականին բարձր բալերով և ընդունվել , նաև «1+4» ծրագրի քննությունն եմ հանձնել` առանց որևէ մեկի մոտ պարապելու, դպրոցից ստացված գիտելիքներով 54 բալ եմ հավաքել, ընդունվելու եմ իրավագիտության ֆակուլտետ»,-նշեց Էլեանորան։

Վերոնշյալ դպրոցի աշակերտները կարևորում են քննական շրջանում ուսուցիչների աջակցությունը, որի շնորհիվ հեշտությամբ ազատվել են հուզմունքից և կարողացել արագ կենտրոնանալ անհրաժեշտ հարցերի շուրջ:


Հիշեցնենք, որ «Ընդհանուր ունակություններ» առարկան հանձնում են երկու լեզվով՝ հայերեն և ադրբեջաներեն։ Առարկան հանձնում են ոչ վրացալեզու դպրոցների շրջանավարտները «1+4» (վրաց լեզվի նախապատրաստական կուրս և բակալավրիատ) ծրագրի միջոցով Վրաստանի պետական բուհեր ընդունվելու համար։ 2025 թվականին այս քննությունը դիմորդները հանձնել են հուլիսի 9-ին:

Ինչ վերաբերում է դրամաշնորհին, ապա ամբողջությամբ անվճար կարող են բուհ ընդունվել հայալեզու դիմորդներից ամենաբարձր բալեր հավաքած 200 դիմորդներ։ Ըստ NAEC-ի՝ այդ տվյալները պարզ կդառնան քննությունների արդյունքներից հետո:

Հիշեցնենք, որ 200 հայ և 200 ադրբեջանցի դիմորդների դրամաշնորհի ձեռքբերման նոր կարգն ուժի մեջ է մտել 2024-2025 ուսումնական տարվանից: Նախորդ տարիներին ֆինանսավորվում էին 100 հայ և 100 ադրբեջանցի դիմորդներ:

Հիշեցնենք՝ «1+4» վրացերենի ծրագիրը գործում է 2010 թվականից և նախատեսված է միայն Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։