Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը (ԱԴԾ) երկրորդ անգամ հայտարարել է «ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից Ղրիմի կամրջի վրա հզոր ռումբ պայթեցնելու ևս մեկ փորձի» կանխարգելման մասին։
Ծառայության տվյալներով, պայթուցիկ սարքը գտնվել է Chevrolet Volt մակնիշի մեքենայում, որը Ուկրաինայից Ռուսաստան է ժամանել Վրաստանի տարածքով՝ «Վերին Լարս» անցակետով։
Ծառայությունը հաղորդել է, որ պայթուցիկ սարքը վնասազերծվել է, և դրա տեղափոխմանը մասնակցած անձինք ձերբակալվել են։
Թբիլիսին և Կիևը դեռևս չեն մեկնաբանել ԱԴԾ-ի հայտարարությունը։
Վրաստանի միջոցով պայթուցիկների մատակարարման մասին Մոսկվայում հայտարարվել էր նաև 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունից հետո։ Այդ ժամանակ ձերբակալվել էին Ռուսաստանի հինգ և Ուկրաինայի երեք քաղաքացիներ։ Ռուսաստանում նաև մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի քաղաքացի Ալեքսանդր Ինասարիձեի դեմ, իսկ 2024 թվականին Ռուսաստանը նրա նկատմամբ միջպետական հետախուզում էր հայտարարել։ Վրաստանի կառավարությունն այդ ժամանակ հայտարարեց, որ երկիրը որևէ կապ չունի Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետ։