2025 թվականի օգոստոսին CRRC հետազոտությունների կազմակերպության Վրաստանում անցկացված հեռախոսային հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Վրաստանի բնակչությունը հաստատակամորեն եվրոպամետ դիրքորոշում ունի և լայն աջակցություն է ցուցաբերում ԵՄ-ին անդամակցությանը։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների կարծիքով ԵՄ-ում առանց վիզայի մուտքի չեղարկումը վնասակար կլինի ժողովրդի համար։
«Վրաստանի բնակչության մեծամասնությունը (78%) կարծում է, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի մուտքի դադարեցումը վնասակար կլինի Վրաստանի քաղաքացիների համար։ Չնայած այն հանգամանքին, որ երիտասարդները, կանայք և մայրաքաղաքում ապրողները ավելի հաճախ են ասում, որ վիզայի ազատ ռեժիմի դադարեցումը քաղաքացիների համար վատ և վնասակար կլինի, այս առումով հասարակությունը բավականին միակարծիք է, և ժողովրդագրական խմբերի միջև մեծ տարբերություններ չեն արձանագրվել»։
Վրաստանի բնակչության շրջանում ԵՄ-ին անդամակցման աջակցությունը շարունակում է մնալ բարձր։ Հարցվածների 78%-ը կողմ է ԵՄ-ին անդամակցությանը։ Երիտասարդների (18-34) շրջանում Վրաստանի ԵՄ-ին անդամակցման աջակցության ցուցանիշը ավելի բարձր է՝ 86%։ Ավագ տարիքային խմբերում աջակցությունը փոքր-ինչ նվազում է, սակայն ԵՄ-ին անդամակցությանը մեծամասնությունը շարունակում է աջակցել. 35-54 տարիքային խմբում՝ 76%, իսկ 55+ խմբում՝ 71%։ Սեռի տարբերությամբ հակասություններ գրեթե չկան, սակայն մայրաքաղաքում աջակցությունը ավելի բարձր է, քան մարզերում»,- ասված է հայտարարության մեջ։
ԵՄ-ի և վիզայի ազատ ռեժիմի նկատմամբ հասարակության վերաբերմունքն ուսումնասիրելու նպատակով Վրաստանի բնակչության հեռախոսային հարցումն անցկացրել է CRRC Վրաստանը՝ Քաղաքացիական հասարակության հիմնադրամի պատվերով և ԵՄ ֆինանսավորմամբ։
Հարցումն անցկացվել է 2025 թվականի օգոստոսի 8-12-ը՝ համակարգչային աջակցությամբ հեռախոսային հարցազրույցի (CATI) մեթոդով։ Պատահական գեներացված հեռախոսահամարների ընտրության հիման վրա հարցվել է ընդհանուր 1333 պատասխանող։ Արդյունքները ներկայացնում են Վրաստանի վրացախոս չափահաս բնակչության կարծիքը։ Հարցման սխալի հավանականության միջին սահմանը կազմում է 1.56%։