Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է բացել Էլենե Խոշտարիայի դեմ: Վերջինս գրառում է արել Թբիլիսիի քաղաքապետի «Վրացական երազանք»-ի թեկնածուի պաստառին՝ այդ կերպ համերաշխություն հայտնելով Մեգի Դիասամիձեին, ում նկատմամբ նույն գործողության համար սկսված քրեական գործն աղմուկ էր բարձրացրել:
ՆԳՆ-ն, «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների դիմումի հիման վրա, քրեական հետաքննություն է սկսել ընտրական պաստառների վնասման փաստի առնչությամբ ՔՕ 187-րդ հոդվածով` գույքի վնասում կամ ոչնչացում։ Այս հաղորդագրությունը տարածել է ՆԳՆ-ն։
ՆԳՆ-ի հաղորդմամբ, նշված գործողությունը կատարել է «Կոալիցիա փոփոխությունների համար» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Էլենե Խոշտարիան։
Մինչ այդ, «Կոալիցիա փոփոխությունների համար» դաշինքի ղեկավար Էլենե Խոշտարիան տարածել էր տեսանյութ, որտեղ ինքը «Վրացական երազանք» կուսակցության քաղաքապետի թեկնածուի՝ ներկայիս Թբիլիսիի քաղաքապետի ընտրական պաստառին գրում է «ռուսական երազանք» և հայտարարում, որ այս ձևով աջակցություն է հայտնում Մեգի Դիասամիձեին։
«Որքան ցանկանամ՝ Կալաձեի պաստառին կգրեմ, որ ռուսների ստրուկն է»,- հայտարարել է Խոշտարիան:
Հիշեցնենք, որ Դիասամիձեն մի քանի օր առաջ հենց Կախա Կալաձեի նախընտրական պաստառը վնասելու մեղադրանքով էր ձերբակալվել, և դատարանը նրան սահմանել էր 2000 լարիի չափով գրավ։