ԵՄ անդամ պետություն Չեխիան չեղարկել է Վրաստանի դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար վիզայի ազատ ռեժիմը։
Այս տեղեկությունը սեպտեմբերի 17-ին հրապարակել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին։
«Մենք այսկերպ ենք արձագանքում մարդու իրավունքների խախտմանը, ցույցերի ցրմանը և քաղաքացիական հասարակության թուլացմանը», — ասել է նա։ Չեխիայի կառավարության որոշումը կյանքի է կոչել Եվրոպական միության խորհրդի 2025 թվականի հունվարին ընդունած որոշումը։
Խորհրդի որոշմամբ՝ Վրաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների խախտման պատճառով դիվանագիտական և ծառայողական անձնագրերի տերերը այլևս չեն կարողանա օգտվել ԵՄ-ում վիզայի ազատ ռեժիմից։
ԵՄ խորհրդի որոշումն արդեն իսկ իրականացրել են դաշինքի մի քանի անդամ պետություններ։
Հաջորդ քայլերի շարքում Բրյուսելը քննարկում է Վրաստանի բոլոր քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի կասեցման հարցը։