Խաչվերացի տոնը և Մուսա լեռան հարիսայի փառատոնը Թբիլիսիի Հայ Առաքելական եկեղեցում

Սեպտեմբերի 14-ին Թբիլիսիի Հայ Առաքելական եկեղեցում Խաչվերացի տոնը համադրվեց Մուսա լեռան հարիսայի փառատոնի հետ՝ վերածվելով ոչ միայն եկեղեցական, այլև ազգային-մշակութային տոնախմբության։  

Սեպտեմբերի 14-ին Թբիլիսիի Հայ Առաքելական եկեղեցում նշվեց Խաչվերացը՝ հինգ տաղավար տոներից վերջինը։ Վիրահայոց թեմում արդեն տարիներ շարունակ ձևավորված գեղեցիկ ավանդույթ է եկեղեցական այս տոները համադրել ազգային-մշակութային փառատոնների հետ։ Այս տարի ևս, թեմի առաջնորդ Գերշն. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ Սուրբ Խաչի տոնը համադրվեց Մուսա լեռան հարիսայի փառատոնի հետ։ Կիրակնօրյա պատարագից հետո թեմի «Հայարտուն» կենտրոնում ազգային երգուպարով ընթացավ փառատոնը։

Խաչվերացը Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձին և փառաբանության հիշատակին: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերհառնման): Այստեղից էլ տոնը կոչվում է «Խաչվերաց»։ 

Հարիսան հայկական ավանդական ուտեստ է, որը պատրաստում են ցորենի ձավարով և մսով՝ խառնելով մինչև մածուցիկ զանգված ստանալը, ուտելիս վրան լցնում են հալած յուղ։ Ըստ ավանդության՝ Գրիգոր Լուսավորիչը Վաղարշապատում աղքատներին կերակրել է այս ուտեստով և ասել` «հարեք զսա», ինչից էլ առաջացել է «հարիսա» անվանումը։ 

Փառատոնն ունի իր խորհուրդը. հարիսան դարեր շարունակ մատաղի հյուրասիրություն է եղել և վերջին շուրջ 40 տարում դարձել է տոնակատարության գլխավոր ուտեստը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բազմաթիվ մուսալեռցիներ տեղափոխվել են պատմական հայրենիք և հիմնել ներկայիս Մուսալեռ գյուղը։ 1983 թ.-ից սկսած` սեպտեմբերի երրորդ կիրակի օրը Մուսալեռ գյուղում նշվում է Հարիսայի փառատոնը՝ Մուսա լեռան հերոսների հիշատակին։ Տոնին մասնակցում են գյուղացիներ և բազմաթիվ զբոսաշրջիկներ, հնչում են հայրենասիրական ու ժողովրդական երգեր, իսկ հարիսան մատուցվում է բոլորին` որպես մատաղ։  

Հիշեցնենք, որ Վրաստանում ապրող հայերը փառատոնը նաև նշում են Թբիլիսիի, Ախալքալաքի և Նինոծմինդայի եկեղեցիներում տարվա տարբեր ժամանակահատվածներում։ 

Լուսանկարները` Վիրահայոց թեմի