31 խումբ և կազմակերպություն, որոնք միավորում են վրացի էմիգրանտներին ԵՄ երկրներից, նաև ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեյցարիայից, Իսլանդիայից, Միացյալ Թագավորությունից, Նորվեգիայից, Մոլդովայից, Ավստրալիայից և Նոր Զելանդիայից, դիմել են Եվրոպայի խորհրդարանի պատգամավորներին` կոչ անելով աջակցել «Մզիայի ցուցակին»։
Այս տեղեկությունը հայտնել է «Մզիայի շարժումը»։
Էմիգրանտների կարծիքով` հենց «Մզիայի ցուցակը» պետք է դառնա մարդու իրավունքների խախտումների, ազատ մամուլի և քաղաքացիական ակտիվիզմի դեմ բռնի հարձակումների դեմ ուղղված պատժամիջոցների փաթեթի, նաև ռեպրեսիվ ռեժիմների դեմ Արևմուտքի նպատակային արձագանքման գործիքի անունը։
«Արդեն հաջորդ շաբաթվանից էմիգրանտական կազմակերպությունները կդիմեն ԵՄ-ին, նրա անդամ երկրների կառավարություններին և այլ գործընկերներին «Մզիայի ցուցակով», որում կներառվեն մի քանի հարյուր անձինք, որոնք մասնակցել են քաղաքացիների դեմ բռնի գործողությունների պլանավորմանը և իրականացմանը, խոշտանգումներին ու դրանց վերաբերյալ ապատեղեկատվության տարածմանը, կեղծ ցուցմունքներ տալուն և անարդար դատավճիռների կայացմանը», – ասված է հայտարարության մեջ։
«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր, լրագրող Մզիա Ամաղլոբելին հունվարի 11-ին Բաթումում անցկացված բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվեց սկզբում վարչական կարգով, ապա նրան ազատ արձակեցին, սակայն մի քանի ժամ անց՝ արդեն հունվարի 12-ին, նրան կրկին ձերբակալեցին այս անգամ քրեական կարգով՝ ոստիկան Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։
Օգոստոսի 6-ին Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Սախելաշվիլին լրագրողին դատապարտեց 2-ամյա ազատազրկման։