Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարել է, որ պետությանը պատկանող 403 հազար 95 լարի խարդախությամբ յուրացման մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ՝ «Գուրիա Էներջի» ՍՊԸ-ի տնօրենը և վերահսկիչ ընկերության աշխատակիցը։
ՊԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել վերահսկիչ ընկերության ևս մեկ աշխատակցի դեմ:
Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության տնօրեն Էմզար Գագնիձեն հայտարարել է, որ գործը վերաբերում է «խոշոր չափերով խարդախությանը», «խոշոր չափերով խարդախությանն աջակցությանը» և կեղծ պաշտոնական փաստաթղթի պատրաստմանն ու օգտագործմանը։
Նրա խոսքով, գործը ավտոմոբիլային ճանապարհներից մեկի 2022-2023 թվականներին իրականացված վերականգնողական աշխատանքներին է վերաբերում, ինչի հետևանքով ավտոմոբիլային ճանապարհը շահագործման համար անպիտան է դարձել:
«Հետաքննությամբ պարզվել է, որ Գարդաբանիի մունիցիպալիտետում 3,52 կմ երկարությամբ տեղական ճանապարհի վերականգնման ժամանակ «Գուրիա Էներջի» ՍՊԸ-ի տնօրեն Մ.Ժ.-ն, համագործակցելով աշխատանքների վերահսկման համար պատասխանատու Պ.Ռ.-ի հետ, կեղծ փաստաթղթերի միջոցով խարդախությամբ յուրացրել է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը պատկանող 403 հազար 95 լարի»,- նշված է ՊԱԾ-ի հաղորդագրության մեջ:
Հետաքննությունն անցկացվում է Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի «բ» ենթակետով, և 362-րդ հոդվածի (կեղծ փաստաթղթի պատրաստում, իրացում կամ օգտագործում) երկրորդ մասի «բ» ենթակետով, որը նախատեսում է 6-9 տարի ժամկետով ազատազրկում: