Օրինագծերից մեկը երկրորդ ընթերցմամբ կմերժվի․ Մդինարաձե

«Վրացական երազանք» իշխող կուսակցության նիստից հետո կուսակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն ճեպազրույցում հայտարարել է, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծերը այլևս չեն քննարկվի Վենետիկի հանձնաժողովում։

Ընթացակարգի հետ կապված՝ Մդինարաձեն պարզաբանել է, որ արդեն առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը երկրորդ ընթերցման կդրվի բայց չի ընդունվի։

«Մենք որոշում ենք կայացրել հրաժարվել երկու օրենքների նախագծերին աջակցելուց և հետ կանչել դրանք, խորհրդարանական մեծամասնությունը համամիտ է այս որոշմանը։

Մեր որոշումից հետո Վրաստանի խորհրդարանի նախագահն արդեն նամակ է ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ օրինագծերի քննարկումը չեղարկելու մասին։ Քանի որ օրինագծերից մեկ ընթացակարգային առումով հնարավոր էր հետ կանչել Վենետիկի հանձնաժողովից, արդեն իսկ դա արվել է։ Իսկ առաջին ընթերցմամբ անցած օրինագծի քննարկումը կչեղարկվի երկրորդ ընթերցման ներկայացվելուց ու տապալվելուց հետո»,- ասել է Մամուկա Մդինարաձեն՝ պարզաբանելով, որ օրինագիծը երկրորդ ընթերցման կդրվի առաջին լիագումար նիստում, այսինքն՝ մարտի 20-ին, և պատգամավորները կմերժեն նախագիծը։