«Օտարեկրյա գործակալների» օրինագծերի հետկանչն ու մարտի 8-ի իրադարձությունները

Վրացի իրավաբանները, Սահմանադրական իրավունքի մասնագետները, քաղհասարակությունը, ՀԿ-ների ներկայացուցիչները, նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաները, միջազգային գործընկերները, անդրադառնալով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետկանչման մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությանը, փաստում են՝ իշխանություններն այս փուլում կրքերն են հանդարտեցնում, որպեսզի հետագայում օրենքներն ընդունեն ավելի հանդարտ միջավայրում:

Մասնավորապես, Սահմանադրական իրավունքի մասնագետ Վախուշտի Մենաբդեի խոսքով, խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքը չի կարող հետ կանչվել. օրինագիծը պետք է տապալվի նիստի ընթացքում:

Ըստ վրացի իրավաբան Լևան Ալափիշվիլիի՝ առաջին ընթերցմամբ ընդունված ռուսական օրենքը չի կարող և հնարավոր չէ հետ կանչել: Ալափիշվիլին նշել է, որ խորհրդարանի կանոնակարգի մեջ (հոդված 101.3.) սահմանված չէ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի հետկանչը:

«Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլիի խոսքով, սա օրենքի հետկանչ չէ, նշանակում է՝ «մի փոքր սպասենք` հանդարտվեն բողոքի ցույցերը»:

Ինչ են ասում միջազգային գործընկերները

Եվրախորհրդարանական Վիոլա ֆոն Կրամոնն ասել է. «Սա կարևոր նորություն է Վրաստանից, բայց դա միայն առաջին քայլն է»:

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը ողջունել է որոշումն ու Վրաստանում ԵՄ ներկայացուցչության էջում գրել. «Մենք կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքական առաջնորդներին վերսկսել եվրոպամետ բարեփոխումները՝ ներառական, կառուցողական ձևով և 12 առաջնահերթություններին համապատասխան՝ թեկնածուի կարգավիճակի հասնելու համար»։

Եվրախորհրդարանական Գայ Վերհոֆշտադի խոսքով, սա վկայում է այն մասին, թե որքան է մարդկանց մտահոգում լիբերալ ժողովրդավարության խնդիրը:

Ինչ են ասում միջազգային մեդիաները

BBC-ն գրում է, որ իշխող կուսակցությունն այդ որոշումը կայացրել է օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հետևանքով 2 օր շարունակ ընթացող լայնածավալ ցույցերից հետո։

Reuters-ը նշում է, որ չնայած օրենքի նախագծի հետկանչմանը, ընդդիմությունը չի վստահում կառավարությանը և պատրաստվում է շարունակել հանրահավաքները:

The Guardians-ը գրում է. «Հազարավոր մարդիկ միավորվել են ընդդեմ օրինագծի, որը ենթադրում է ավտորիտար փոփոխություն Վրաստանում, և որը կարող է խոչընդոտել Վրաստանի Եվրամիությանն անդամակցությանը։ Կառավարական թիմի որոշումը ողջունում է Վրաստանում ԵՄ պատվիրակությունը»:

Ինչ են ասում ընդդիմադիրները

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջատարներից Խատիա Դեկանոիձեի խոսքով` կարողացան անել դա (տապալել օրինագծերը- խմբ.):

«Լելո» կուսակցության առաջնորդներից Անա Նացվլիշվիլիի խոսքով` հիանալի օր է, վրաց ժողովուրդը սկսել է պետությունը վերադարձնելու գործընթացը, որը գրավել է «Վրացական երազանքը»:

Ինչ են ասում նախկին պաշտոնյաները

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան նշել է՝ դա վերջնական հաղթանակը չէ` հաղթանակի սկիզբն է։ Գախարիան շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր պայքարում են Վրաստանի եվրոպական ապագայի համար։

Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ասել է, որ Կրեմլը նահանջել է՝ օրինագծերը կդնեն դարակը, իշխանությունների դեմքը բացված է` դարանակալել են ու պահ են փնտրում Վրաստանին եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրումից հեռացնելու համար: Մարգվելաշվիլիի խոսքով, «Վրացական երազանքը» հանել է դիմակն ու լյուստրացրել սեփական ինքնությունը:

Ինչ է կատարվում

Բանն այն է, որ այսօր առավոտյան «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

Այս ամենին հաջորդեցին վերոնշյալ հայտարարություններն ու արձագանքները: Քաղհասարակությունը, սակայն, չի հանդարտվել: Վրաստանի քաղաքացիական ակտիվիստների որոշմամբ՝ այսօր Ռուսթավելիի պողոտայում 19:00-ին կրկին հանրահավաք տեղի կունենա:

Այս ֆոնին Վրաստանի խորհրդարանը հայտարարեց՝ Վրաստանի խորհրդարանում այս շաբաթ լիագումար նիստեր չեն գումարվի:

Այս ամենին նախորդող իրադարձությունները

Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ հավանություն արժանացավ, ինչին հաջորդեց լայնածավալ բողոքի ակցիան, որը շարունակվեց նաև մարտի 8-ին: Իրավիճակն ավելի սրվեց, երբ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարեց, որ «օտարերկրյա գործալկալների» մասին օրինագծերն ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով:

Այս քայլը բացասական գնահատեցին Վրաստանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշ աշխատակիցներ, Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը և հայտարարեցին, որ օրենքի ընդունումը հակասում է Վրաստանի շահերին ու վնասում է եվրոպական ընտանիքին Վրաստանի ինտեգրման գործընթացին:

Վաշինգտոնը խոսեց օրենքի ընդունման դեպքում պատասխանատվության ենթարկելու մասին: Եվրախորհրդարանի պատգամավորներ Ռասա Յուկնևիչենեն, Մարկետա Գրեգորովան և Թեյս Ռոյթենը կոչ արեցին Վրաստանի իշխանություններին հրաժարվել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից։

Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Լատվիայի, Էստոնիայի և Լիտվայի արտաքին գործերի (ԱԳ) նախարարները հայտարարեցին՝ օրենքի ընդունումն առաջին ընթերցմամբ լուրջ հարցեր է առաջացնում Վրաստանում ժողովրդավարության հեռանկարների վերաբերյալ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ ասաց՝ օրենքի նախագիծը չի համապատասխանում Եվրամիության ուղուն։

Զանգվածային ցույցեր ու բռնի գործողություններ ցուցարարների դեմ

19:00-ին Թբիլիսիի խորհրդարանի դիմաց հավաքվեցին եվրոպական ընտանիքին միանալու ցանկությամբ և «ռուսական օրենքի» ընդունմանը դեմ քաղաքացիներ, լրագրողներ, ՀԿ ներկայացուցիչներ, ընդդիմության կերկայացուցիչներ և երկրի ապագայով մտահոգ այլ խմբեր:

Խաղաղ ցուցարարներն իշխանություններին վերջնագիր ներկայացրին՝ մինչև ժամը 22:00-ն անհապաղ հետ կանչել «ռուսական օրենքը», ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին:

22:00-ն լրանալուն պես, վերջնագրին իշխանությունից արձագանք չստանալուց հետո, ցուցարարները փորձում էին կոտրել խորհրդարանի դարպասը և ներս մտնել։

Գործի անցան հատուկջոկատայինները. անհամաչափ ուժի կիրառմամբ փորձում էին ցրել «օտարերկրյա գործակալների» օրինագծի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին: Հատուկջոկատայինները ցույցը ցրելու համար կիրառեցին ջրցան մեքենա, արցունքաբեր գազ, պայթուցիկներ և, այսպես կոչված` պղպեղային սփրեյ:

Երկու կողմից շրջափակեցին ցուցարարներին, լսվեցին հատուկ միջոցներից վնասվածքներ ստացած ցուցարարների բղավոցները, ցուցարարները չէին նահանջում: Կային տուժածներ, 66 ցուցարար բերման ենթարկվեց:

Ոստիկանները կենդանի պատ կազմեցին, փակվեցին Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտա տանող բոլոր ճանապարհները: Ցուցարարների մի մասն էլ շարժվեց դեպի Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակ:

Երբ կրքերը որոշ չափով հանդարտվել էին, հայտնի դարձավ, որ Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում որոշ ցուցարարներ` գլխիվայր շրջելով, վնասել էին պարեկային ոստիկանության մեքենան։