Ռուսթավելիի պողոտան փակվեց. ցուցարարները զբաղեցրել են Թբիլիսիի խորհրդարանի դիմացի ճանապարհի մի մասը։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
Շուտով ցուցարարներին կմիանա մոտոցիկլետավարների երթը, իսկ Խորհրդարանի ուղղությամբ կշարժվեն նաև ԹՊՀ-ի առաջին մասնաշենքի ուսանողները և արտագաղթյալները՝ Ֆիլհարմոնիայի մոտից։
Ժամը 16:00-ին Ազատության հրապարակում նախատեսված է լայնածավալ ցույց։ Մայրաքաղաքից բացի, հանրահավաքներ են նախատեսված նաև մարզերում: Համերաշխության ցույցեր են սպասվում աշխարհի մոտ 20 երկրներում։
Ցուցարարները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և որոշ ընդդիմադիր կուսակցություններ բոյկոտում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ պահանջելով քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում և «Վրացական երազանք»-ի կառավարության հրաժարականը։
Ոստիկանականները առավոտից մոբիլիզացված են Ազատության հրապարակի և Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքի մոտ, որտեղ պետք է տեղադրվի հանրահավաքի գլխավոր բեմը:
Հիշեցնենք, այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակասական մոտեցումների ֆոնին։ Ընդդիմության մի մասը ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։
Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ը ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր՝ համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժումը» և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրությունները անց են կացվում առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, այդ թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։