Կորոնաիրավիճակը Հվ. Օսիայում և Աբխազիայում

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում և Աբխազիայում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Աբխազիայի դե ֆակտո առողջապահության նախարարության տվյալներով` երկրում պատվաստվել է ընդհանուր առմամբ 10 443 մարդ, ինչը շատ ցածր ցուցանիշ է։ 

Աբխազիայում պատվաստումները սկսվել են մոտ վեց ամիս առաջ՝ ռուսական Sputnik V և Sputnik Light պատվաստանյութերով։ 

Ըստ Աբխազիայի Առողջապահության նախարարության՝ անհրաժեշտ է ուժեղացնել պատվաստումների խթանումը։ 

Աբխազական կողմը մինչև նոյեմբերի 15-ը Ռուսաստանից սպասում է Sputnik-ի նոր չափաբաժինների։

Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության օպերատիվ շտաբի որոշմամբ էլ՝ կորոնավիրուսի արագ տարածման պատճառով մինչև նոյեմբերի 14-ը փակվել են բոլոր սրճարաններն ու ռեստորանները։ 

Ցխինվալիի պաշտոնական տվյալների համաձայն՝ Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության տարածքում համաճարակի սկզբից հաստատվել է կորոնավիրուսի 8933 դեպք, 150-ը՝ մահացել։ 

Կորոնավիրուսի դեպքերն աճում են նաև Ախալգորիում, որտեղ տեղացիները չեն կարողանում պատվաստվել տեղի հիվանդանոցում։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր