Օմբուդսմենը՝ Թբիլիսիում տիրող իրավիճակի մասին

Վրաստանի հանրային պաշտպանը (օմբուդսմեն) արձագանքել է վերջին ժամերին Թբիլիսիի փողոցներում տեղի ունեցած իրադարձություններին և հայտարարել, որ անթույլատրելի է սահմանադրական կարգի տապալման կոչը ցույցի ժամանակ։

«Վրաստանի հանրային պաշտպանը բազմիցս բացատրել է, որ խաղաղ հավաքը պաշտպանված է միջազգային չափանիշներով։ Անթույլատրելի է կոչ անել Վրաստանի սահմանադրական կարգը տապալել, հետևաբար կարևոր է, որ հավաքի մասնակիցները իրենց բողոքն արտահայտելիս չանցնեն օրենքով պաշտպանված սահմանները։

Միաժամանակ, հատուկ պատասխանատվություն են կրում հավաքի կազմակերպիչները, որոնք պարտավոր են հավաքն անցկացնել խաղաղ և կոչ չանել մասնակիցներին անօրինական բռնի գործողությունների, իսկ ուժի կիրառման դեպքում ոստիկանությունը պետք է գործի անհրաժեշտության և համաչափության խիստ չափանիշին համապատասխան», — ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք. այսօր Վրաստանում ՏԻՄ ընտրություններ էին. ընթացող բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունենում քաղաքացիների ու հատուկջոկատայինների միջև. ՆԳՆ-ն պղպեղի սփրեյ, ջրցան մեքենա, ֆիզիկական բռնություն է կիրառել ցույցը ցրելու նպատակով, կան վիրավորներ։

Մինչ այդ, մի խումբ ցուցարարներ կոտրել էին նախագահական պալատի ցանկապատը և ներխուժել բակ, ինչին էլ հետևեցին բախումները: Րոպեների ընթացքում տեղում մոբիլիզացվեցին հարյուրավոր հատուկջոկատայիններ։

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղի ունեցածը սադրանք է որակել` ասելով, որ դրա ետևում կանգնած են հենց «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները: «Սա խաղաղ ցույցի ցրման փորձի սցենար է: Վաղն ավելի շատ մարդ կհավաքվի Ռուսթավելիում»,- նշել է Զուրաբիշվիլին:

Տեղի ունեցածին հայտարարությամբ արձագանքել է «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը` նշելով, որ դա խաղաղ ցույցի վարկաբեկում է: