ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները՝ «Վրացական երազանք»-ին

«Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել այս շաբաթ օրը՝ այլախոհության դեմ լայնածավալ ճնշման պայմաններում»,- ասված է Եվրամիության (ԵՄ) բարձրաստիճան ներկայացուցիչ Կայա Կալասի և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Մարտա Կոսի համատեղ հայտարարության մեջ։

Նրանք նշել են, որ «անկախ լրատվամիջոցների վրա ամիսներ շարունակ տեղի ունեցած հարձակումները, քաղաքացիական հասարակությանը թիրախավորող օրենքների ընդունումը, հակառակորդների և ակտիվիստների ձերբակալությունները, նաև Ընտրական օրենսգրքում իշխող կուսակցության օգտին կատարված փոփոխությունները լրջորեն նվազեցրել են մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։

Համատեղ հայտարարության մեջ Կայա Կալասը և Մարտա Կոսն ընդգծել են, որ «ԵՄ-ն կտրականապես մերժում և դատապարտում է Վրաստանում ԵՄ դերի մասին ապատեղեկատվությունը, նաև ԵՄ դեսպանի դեմ հարձակումները»։

«Ընտրությունները բոյկոտել է ընդդիմության մեծ մասը, և ընտրողների մասնակցությունը համեմատաբար ցածր է եղել։
Բացի այդ, Վրաստանի իշխանությունների կողմից միջազգային դիտորդներին, մասնավորապես՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, ժամանակին չհրավիրելը խաթարել է ընտրական գործընթացի թափանցիկությունը և խոչընդոտել է հավաստի ու իմաստալից միջազգային դիտարկումը։ Տեղական կազմակերպությունները նույնպես ձեռնպահ են մնացել դիտարկումից՝ ճնշող միջավայրի պատճառով։

Մեծ թվով մարդիկ հետևողականորեն բողոքել են իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի ճնշող քաղաքականության դեմ։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։
Մենք կոչ ենք անում հանգստության և զսպվածության հետընտրական շրջանում և կոչ ենք անում իշխանություններին պաշտպանել քաղաքացիների հավաքների և խոսքի ազատությունը։ Անհրաժեշտ է կառուցողական և ներառական երկխոսություն, որին կմասնակցեն բոլոր քաղաքական գործիչները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, և կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ բռնությունից։

Վերջապես, ԵՄ-ն կտրականապես մերժում և դատապարտում է Վրաստանում ԵՄ-ի դերի վերաբերյալ ապատեղեկատվությունը, նաև դատապարտում է ԵՄ դեսպանի դեմ հարձակումները»,- նշված է հայտարարության մեջ։