«Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին Սախարովի մրցանակի դափնեկիր է դարձել բելառուս լրագրող Անջեյ Պոչոբուտի հետ միասին։
Սախարովի մրցանակը, որը կրում է խորհրդային այլախոհ Անդրեյ Սախարովի անունը, 1988 թվականին հիմնադրել է Եվրախորհրդարանը։
Այս մրցանակը Եվրոպական Միության բարձրագույն պարգևն է մարդու իրավունքների ոլորտում։
Մրցանակը շնորհվում է ամեն տարի տարբեր ոլորտներում ներդրված ջանքերի համար. մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանություն, ժողովրդավարության զարգացում, օրենքի գերակայության պաշտպանություն, փոքրամասնությունների իրավունքներ և միջազգային իրավունքի հարգանք։
Ովքեր են մինչ օրս ստացել Սախարովի մրցանակը
- Սախարովի մրցանակն առաջին անգամ շնորհվել է հիմադրման տարում` 1988 թվականին, Հարավային Աֆրիկայի առաջին նախագահ, ռասայական խտրականության դեմ պայքարի առաջամարտիկ Նելսոն Մանդելային։
- 1992 թվականին Սախարովի մրցանակը շնորհվեց Արգենտինայի ծնողների ասոցիացիային՝ «Մայո հրապարակի ծնողներին», որոնք կորցրել էին իրենց երեխաներին «Կեղտոտ պատերազմի» ժամանակ: 1976-1983 թվականները Արգենտինայի պատմության մեջ պետական ահաբեկության շրջան էին, երբ մարդիկ առևանգվում, խոշտանգվում և գնդակահարվում էին առանց դատավարության։
- 1995 թվականին Սախարովի մրցանակը շնորհվեց քուրդ քաղաքական գործիչ Լեյլա Զանային: Նա 10 տարի ազատազրկման դատապարտվեց Թուրքիայի խորհրդարանում քրդերեն խոսելու համար։
- 2003 թվականին Սախարովի մրցանակը շնորհվեց գանացի դիվանագետ և ՄԱԿ-ի յոթերորդ գլխավոր քարտուղար Քոֆի Անանին: Քոֆի Անանը նաև 2001 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր է։
- 2004 թվականին Սախարովի մրցանակը շնորհվեց Բելառուսի լրագրողների ասոցիացիային, իսկ 2005 թվականին` «Լրագրողներ առանց սահմանների» ֆրանսիական ոչ կառավարական կազմակերպությանը, որն աջակցում է մամուլի ազատությանը և պաշտպանում լրագրողների իրավունքներն ամբողջ աշխարհում։
- 2008 թվականին Սախարովի մրցանակը շնորհվեց չինացի ակտիվիստ և այլախոհ Հու Ջիային, որը «Հուլիսի 4» ասոցիացիայի ղեկավարն է։
- 2009 թվականին Սախարովի մրցանակը շնորհվեց «Մեմորիալ» ազդեցիկ մարդու իրավունքների կազմակերպությանը։
- 2011 թվականին Սախարովի մրցանակը շնորհվեց «Արաբական գարնան» ակտիվիստներին և մարդու իրավունքների պաշտպաններին Եգիպտոսից, Լիբիայից, Սիրիայից և Թունիսից։
- 2013 թվականին Սախարովի մրցանակը շնորհվեց պակիստանցի կանանց իրավունքների պաշտպան և կրթության ակտիվիստ Մալալա Յուսաֆզային։
- 2015 թվականին Սախարովի մրցանակը շնորհվեց արաբ գրող և ակտիվիստ Ռաիֆ Բադավիին, որը բանտարկվել էր Սաուդյան Արաբիայի կրոնական գործերի ոստիկանության դեմ քննադատական հրապարակումների համար։
- 2020 թվականին Սախարովի մրցանակը շնորհվեց Բելառուսի ժողովրդավարական ընդդիմությանը։
- 2021 թվականին Սախարովի մրցանակը շնորհվեց ռուս ընդդիմադիր գործիչ և Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիին։
- 2022 թվականին Սախարովի մրցանակը շնորհվեց ուկրաինացի ժողովրդին։ Մրցանակաբաշխության արարողությունը նշանավորվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Ուկրաինայի ազատության համար զոհված ուկրաինացիների։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մասնակցեց մրցանակաբաշխությանն առցանց։
- 2023 թվականին Սախարովի մրցանակը շնորհվեց Մահսա Ամինին և «Կանայք, կյանք, ազատություն» շարժմանը։
- 2024 թվականին Սախարովի մրցանակը շնորհվեց Վենեսուելայի ընդդիմադիր քաղաքական գործիչներ Մարիա Կորինա Մաչադոյին և Էդմունդո Գոնսալեսին։
- 2025 թվականին Սախարովի մրցանակը շնորհվեց վրացի լրագրող Մզիա Ամաղլոբելիին և բելառուս լրագրող Անջեյ Պոչոբուտին։