«Վրաստանը սրընթաց շարժվում է դեպի միակուսակցական կառավարում»,- գրել է ամերիկյան The Economist լրատվամիջոցը։
Ինչպես նշված է հոդվածում, նոյեմբերի 6-ին դատախազությունը մեղադրել է ընդդիմության ութ առաջնորդների, այդ թվում՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, պետական հեղաշրջում կազմակերպելու համար։ Նրանցից մի քանիսն արդեն բանտում են, և կառավարությունը միջնորդել է Սահմանադրական դատարանին արգելել երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը։
Հրապարակման համաձայն՝ «երկրում այլախոհության համար ավելի ու ավելի թանկ են վճարում. տասնյակ ցուցարարներ արդեն ձերբակալվել են, ոմանք՝ պարզապես դիմակ կրելու կամ ճանապարհը փակելու համար»։
The Economist-ը նշել է, որ դատական համակարգը լիովին գտնվում է իշխող կուսակցության վերահսկողության տակ, իսկ Բիձինա Իվանիշվիլիի ազդեցությունը երկրի քաղաքականության և տնտեսության վրա աճում է։
Փորձագետների կարծիքով՝ Վրաստանի կառավարությունը հեռանում է Եվրամիությունից և ավելի ու ավելի կախյալ է դառնում Ռուսաստանից, ինչը սպառնալիք է ներկայացնում երկրի ժողովրդավարական ապագայի առումով։