Բիզնեսի ոլորտում միջին աշխատավարձն աճել է գրեթե 259 լարիով

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի 3-րդ եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, բիզնես հատվածի շրջանառության ծավալն աճել է 17,4 տոկոսով և կազմել 47,5 մլրդ լարի։

Ըստ տվյալների՝ աճի միտումով են բնութագրվում նաև բիզնես հատվածի արտադրության տեմպերը. 2022 թվականի 3-րդ եռամսյակում դրա ծավալը որոշվել է 18,9 մլրդ լարի, ինչը 25,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ։

Geostat-ի փոխանցմամբ, բիզնես ոլորտում աշխատողների միջին թիվը 2022 թվականի 3-րդ եռամսյակում կազմել է 723,3 հազար մարդ, ինչը 6,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։ Աշխատողների ընդհանուր թվից 42,5 տոկոսը կին է, 57,5 ​​տոկոսը՝ տղամարդ։

Աշխատողների ընդհանուր թվի 42,2 տոկոսը բաժին է ընկնում խոշոր բիզնեսին, 22,5 տոկոսը՝ միջին, 35,3 տոկոսը՝ փոքր բիզնեսին։

Հաշվետու ժամանակահատվածում վարձու աշխատողների ընդհանուր թիվը կազմել է 683,1 հազար մարդ՝ 5,5 տոկոսով ավելի նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, իսկ ձեռնարկությունների անձնակազմի ծախսերը՝ 3 579,8 միլիոն լարի:

Geostat-ի տվյալներով՝ 2022 թվականի 3-րդ եռամսյակում բիզնեսի ոլորտում վարձու աշխատողների միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 714,2 լարի, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 258,7 լարիով:

Միջին ամսական աշխատավարձը՝ ըստ ձեռնարկությունների չափի.

  • խոշոր բիզնես՝ 1 794,4 լարի,
  • միջին բիզնես՝ 1 955,2 լարի;
  • փոքր բիզնես՝ 1 420,4 լարի: