Ախալքալաքում անցկացվեց պարի միջազգային օրվան նվիրված փառատոն

Ախալքալաքի մշակույթի տանն այսօր՝ ապրիլի 29-ին, նշվեց պարի միջազգային օրը։ Ախալքալաքի մունիցիպալիտետից, ինչպես նաև որոշ անսամբլներ Նինոծմինդայից և Ասպինձայից հանդես եկան պարային համարներով։ Նախքան միջոցառման մեկնարկը պարային խմբերը քայլերթով անցան քաղաքի փողոցներով՝ վանկարկելով իրենց անսամբլի անունը։

Միջոցառումը սկսվեց փառատոնի կազմակերպիչ և «Ջավախք» պարային համույթի ղեկավար աշուղ Ալիկ Ջավախքի (Ալիկ Քսպոյան) ստեղծագործությամբ։

Ելույթ ունեցան 27 պարային խմբեր՝ ներկայացնելով հայկական և վրացական ազգային և ժողովրդական պարեր։

Փառատոնի վերջում պարուսույցները պարգևատրվեցին հավաստագրերով։

Պարի միջազգային օրը նվիրված է բոլոր ոճի պարերին և նշվում է ամեն տարի ապրիլի 29-ին։ Այն նախաձեռնվել է 1982 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի կողմից։

Հիմնադիրների մտահղացմամբ, պարի միջազգային օրը կոչված է միավորել պարի բոլոր ուղղությունները, առիթ դառնալ մեծարման այս արվեստի ձևերը, նրա կարողությունը հաղթահարել բոլոր քաղաքական, մշակութային և էթնիկ սահմանները, հնարավորություն է միավորել մարդկանց՝ հանուն խաղաղության և բարեկամության, որը թույլ է տալիս նրանց խոսել նույն լեզվով՝ պարի լեզվով։