Սաակաշվիլին «անամոթություն» է որակել Վրաստանում իր կողմից պատերազմ սկսելու հայտարարությունները

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին «անամոթություն» է անվանել հայտարարությունները, թե ինքը կարող է Վրաստանում պատերազմ սկսել:

«Ես ինչպե՞ս կարող եմ պատերազմ ուզել։ Սիրելի տղաս՝ Նիկուշան, և իմ դուստրը՝ Ալիսան, ապրում են Թբիլիսիում։ Ինչպե՞ս եք ինձ ասում, որ ես ուզում եմ ռուսական հրթիռ ընկնի երեխաներիս մոտ… Ամեն տեսակ «անամոթություն» պետք է սահման ունենա»,- Facebook-յան էջում գրել է Սաակաշվիլին։

Նշենք, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները հայտարարում են, որ եթե Սաակաշվիլին լիներ իշխանության ղեկին, այսօր Վրաստանում պատերազմ կլիներ։

Ավելին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել էր, որ Վրաստանի կառավարությունը տեղեկություն ունի, որ Ուկրաինայում պատերազմը պետք է սկսվեր նոյեմբերին կամ դեկտեմբերին, և այդ պատճառով Սաակաշվիլին ժամանել է Վրաստան երկրորդ ճակատի բացմանը նախապատրաստվելու։

Կարդացեք նաև՝

Ցխինվալիում նոր արյունալի պատերազմ կարող են որոնել Արեստովիչը, Սաակաշվիլին և մյուսները, բայց դա պետք է բացառել.Կոբախիձե