Թբիլիսիի քաղաքային դատարանը նախնական կալանք է կիրառել Ճանապարհային դեպարտամենտի նախկին փոխնախագահ Լևան Կուպատաշվիլիի և ևս չորս անձանց նկատմամբ։
Կուպատաշվիլին ձերբակալվել է, իսկ նույն գործով ևս չորս մեղադրյալի, նրանց թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, նկատմամբ խափանման միջոց կալանք է որոշվել հեռակա կարգով։
Կուպատաշվիլիի փաստաբանն իր պաշտպանյալի համար միջնորդել է կիրառել 50 հազար լարի գրավ, սակայն դատավոր Պիքրիա Սիքտուրաշվիլին բավարարել է դատախազի միջնորդությունը և Կուպատաշվիլիի դեմ կիրառել է նախնական կալանք։
Դատախազության հաղորդմամբ՝ այս 5 անձինք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կեղծ պաշտոնական փաստաթղթի պատրաստման և օգտագործման, խոշոր չափի գումարի խարդախությամբ յուրացման և իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի գումարի հափշտակման համար՝ կապված 2023 թվականի փետրվարի 21-ին Սամտրեդիա-Գրիգոլեթի մայրուղու վրա կամրջի փլուզման հետ։