Ոստիկանության աշխատակիցների սոցիալական երաշխիքները զգալիորեն բարելավելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը մշակել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որն արդեն ներկայացվել է Վրաստանի խորհրդարան, հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։
Օրենքի նախագծի համաձայն՝ փոփոխություններ կկատարվեն «Ոստիկանության մասին» Վրաստանի օրենքում, որի համաձայն՝ ծառայողական պարտականությունները կատարելիս վնասվածք ստանալու կամ մահվան դեպքում սոցիալական երաշխիքները կավելացվեն։
«Ոստիկանի ծառայողական պարտականությունները կատարելիս մահվան դեպքում փոխհատուցումը կկրկնապատկվի։ Մահացած ոստիկանի ընտանիքը 15 հազար լարիի փոխարեն կստանա 30 հազար լարի միանվագ վճար։ Դրանից բացի, հուղարկավորության ծախսերը կսահմանվեն 2000 լարի՝ ներկայիս 500 լարիի փոխարեն։
Փոփոխությունների համաձայն՝ առողջությանը վնաս պատճառելու դեպքում միանվագ ֆինանսական օգնության չափը նույնպես կավելանա։ Առողջական լուրջ վնասի դեպքում ոստիկանը կստանա 20 հազար լարի՝ 7000 լարիի փոխարեն, առողջությանը ոչ այնքան լուրջ վնասի դեպքում 15 հազար լարի՝ 4000 լարիի փոխարեն, իսկ առողջությանը թեթև վնասի դեպքում 10 հազար լարի՝ 2000 լարիի փոխարեն»,- նշված է օրենսդրական փոփոխության մեջ։