Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Եվրամիության հետ երկխոսության հետաձգմանը` նշելով, որ վրացական կողմը հանդիպումն անցկացնելու հարցում վճռական էր տրամադրված:
«Այն պայմաններում, երբ 2024 թվականի հունիսի 27-ի Եվրոպական Միության խորհրդի եզրակացությունների հիման վրա ԵՄ կողմը կասեցրեց Վրաստանի հետ երկխոսությունը բոլոր մակարդակներում, վրացական կողմը վերոնշյալ հանդիպումը հնարավորություն համարեց ԵՄ-ի հետ խոսելու, այդ թվում՝ այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ մեր հասարակությունը հաճախ քննադատություն է լսում Բրյուսելից։
Ցավոք, չնայած վրացական կողմի՝ մարդու իրավունքների հարցերով Վրաստան-ԵՄ երկխոսության հանդիպում անցկացնելու վճռականությանը, ԵՄ կողմը հետաձգեց վերոնշյալ հանդիպումը բացարձակապես անընդունելի և անհիմն պատրվակով։ Վերոնշյալ հարցը հետագա շահարկումների համար օգտագործելը հարուցում է ողջամիտ կասկածներ և ստեղծում այն տպավորությունը, որ ԵՄ արտաքին գործողությունների ծառայությունը հանդիպում անցկացնելու անկեղծ ցանկություն չունի, և Բրյուսելը պատրաստ չէ լսել վրացական կողմի հիմնավորված դիրքորոշումները, այդ թվում՝ այն հարցերի շուրջ, որոնք օգտագործվել են Վրաստանի հետ քաղաքական երկխոսությունը կասեցնելու համար», — նոյեմբերի 19-ին հայտարարել է Արտաքին գործերի նախարարությունը։
Հայտարարության մեջ նախարարությունը մանրամասնել է, որ վրացական պատվիրակության կազմում ընդգրկված էին մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչներ։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հանդիպման հետաձգման պատճառը Վրաստանի պատվիրակության կազմում տեղ գտած կառավարության ներկայացուցիչն է. նա պատժամիջոցների տակ գտնվող ներքին գործերի փոխնախարարն է։