Հաղորդակցության հանձնաժողովը (ComCom) 20 հազար լարիի չափով տուգանել է «Տելեիմեդի»-ին և 10 հազար լարիի չափով «Ռուսթավի 2»-ին (Մեդիա Հոլդինգ)՝ եթերում ապրանքի տեղադրման (Pp — Product placement) և հովանավորության կանոնները խախտելու համար։
Հանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ «ComCom»-ի անցկացրած լրատվամիջոցների մոնիթորինգը ցույց է տվել, որ գովազդային հաղորդագրությունները, այդ թվում՝ ապրանքի տեղադրումը և հովանավորությունը, «Տելեիմեդի»-ն և «Ռուսթավի 2»-ը եթերում տեղադրել են օրենքով սահմանված կանոնների խախտմամբ։ Մասնավորապես.
«Հոկտեմբերի 8-ին և 9-ին «Տելեիմեդի»-ի «Իմեդիս Դիլա» հաղորդման ժամանակ, նաև հոկտեմբերի 13-ին, 14-ին, 17-ին և 22-ին «Ռուսթավի 2»-ի «Շուա Դղե» հաղորդման ժամանակ գովազդային բովանդակություն է տեղադրվել հաղորդումներում, որոնք ազդել են հաղորդման բովանդակության վրա՝ չափազանց մեծ նշանակություն տալով արտադրանքին, իսկ գովազդարին օրենքի պահանջները չեն բավարարվել։ Հատկանշական է նաև, որ հաղորդումների բովանդակությունը լիովին հարմարեցված է եղել տեղադրված արտադրանքին, և հաղորդման մասնակիցները շեշտել են արտադրանքի դրական կողմերը։
Դրանցից բացի, երկու հեռարձակողների եթերում գովազդ է տեղադրվել առանց որևէ նույնականացման կամ տարանջատման։ «Ռուսթավի 2»-ի դեպքում խախտվել են հովանավորին հղում կատարելու կանոնները, քանի որ հովանավորին հղումը պարունակել է գովազդային հաղորդագրություն, որը հակասում է «Հեռարձակման մասին» Վրաստանի օրենքի պահանջներին։
Գովազդային հաղորդագրության խախտմամբ տեղադրումը հեռուստադիտողի շահերի կոպիտ խախտում է, քանի որ դա կարող է ազդել նրանց որոշումների վրա։ Հետևաբար, կարևոր է, որ հեռարձակողը հետևի կանոններին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ հանձնաժողովի՝ հաշվի առնելով, որ «Տելեիմեդի» և «Ռուսթավի 2» հեռուստաընկերություններն այս տարի նմանատիպ խախտման համար արդեն ստացել են գրավոր նախազգուշացում և տուգանվել 2500 լարիի չափով, ComCom-ը «Տելեիմեդի» հեռուստաընկերությանը տուգանել է 20 հազար լարիի չափով, իսկ «Ռուսթավի 2»-ին՝ 10 հազար լարիի չափով։