Վրաստանի առնվազն 100 նախկին դիվանագետներ հայտարարություն են տարածել Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացի կասեցումից մեկ տարի անց։
2024 թվականի նոյեմբերի 28-ին Իրակլի Կոբախիձեն «Վրացական երազանք»-ի կառավարության անունից հայտարարեց, որ Վրաստանը ԵՄ-ի հետ բանակցությունների հարցը օրակարգից հանվում է մինչև 2028 թվականի վերջը։
Վրացի դիվանագետները կոչ են արել գործընկերներին և ընկերներին Վրաստանի հարցը պահել քաղաքական օրակարգում, հաշվի առնել երկրի քաղաքացիների մեծամասնության կամքը և շարունակել աջակցել Վրաստանի ազատությանը, տարածքային ամբողջականությանը և եվրոպական հեռանկարին։
Նրանց խոսքով՝ այսօր Վրաստանում միտումնավոր խրախուսվում են հակաարևմտյան տրամադրությունները և ռազմավարական գործընկերների վարկաբեկումը։
«Անկախության վերականգնումից ի վեր ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունները միշտ մեր կողքին են եղել, հատկապես, երբ երկիրը գոյության սպառնալիքի առջև էր կանգնած։ Ամենադժվար տարիներին գործընկերներն ու իսկական ընկերները մեզ օգնել են ձևավորել պետական ինստիտուտները, ամրապնդել պաշտպանական և անվտանգության համակարգերը։ Վերջին ժամանակներում ընդունված ռեպրեսիվ օրենսդրական փոփոխությունները, խոսքի ազատության վրա հարձակումները, այլախոհների հետապնդումները, խաղաղ բողոքի ցույցերը ճնշելու փորձերը և քաղբանտարկյալների թվի ամենօրյա աճն էլ ավելի են խորացրել Վրաստանի հեռացումը եվրոպական ընտանիքից և ծանր հարված հասցրել երկրի հեղինակությանը», — հայտարարել են դիվանագետները։