Ջավախքի այս մեծ ընտանիքում ամեն օր նոր ստեղծագործություն էր ծնվում. Ջավախքի Տուրցխ գյուղից բանաստեղծուհի Սիլվա Սիփանուհին (Ավետիսյան ) «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմեց իր կյանքի, ընտանիքի և ամուսնու թողած գրական ու հասարակական ժառանգության մասին։
Նրա և գրող Գուրի Եթերի (իսկական անունը՝ Գուրի Դանիելի Ավետիսյան) ընտանիքի պատմությունը սկսվում է 1970-ական թվականներից։ Սիփանուհին կատակով է հիշում. «Ամուսինս ինձ փախցրել է, տարել Արևմտյան Վրաստան, Շրոմ գյուղ»: Ամուսնուն ճանաչում էին Ջավախքում որպես սիրված բանաստեղծ և արձակագիր։
Ընտանիքը բնակվել է Ջավախքի կաթոլիկ հայերով բնակեցված Տուրցխ գյուղում։ Սիլվա Սիփանուհին պատմեց, որ մեծ ընտանիք են. ունի ութ երեխա և տասնչորս թոռ։ Երեխաների անուններն են՝ Հայկանուշ, Նաիրուհի, Ռուզաննա, Տիգրանուհի, Նարեկ, Նարե, Օզյուս, Անի։
Սիլվա Սիփանուհու ամուսինը` Գուրի Եթերը, բազմաժանր գրող է, գրել է արձակ և չափածո, յուրաքանչյուր ժանրում ցուցաբերել է յուրահատուկ մոտեցում։
Բանաստեղծուհին ամուսնու մասին պատմեց, որ նա 24 գրքերի հեղինակ է, որոնցից տպագրել են դեռևս 4-ը։ Նրա գլուխգործոցը համարում էր «Սև աղվեսը» արձակ ստեղծագործությունների ժողովածուն, որտեղ ամփոփված է Ջավախքի անցյալն ու ներկան: Նրա բանաստեղծությունները տպագրվել են տարբեր թերթերում և ամսագրերում, նաև հնչել են հայկական ռադիոյով և հեռուստատեսությամբ:

Սիլվա Սիփանուհին այսպես է բնութագրում ամուսնուն. «Նա չէր վերցնում իրեն տրվող գումարները, դրանք բաժանում էր կարիքավորներին: Անգամ Հռոմի Պապին նամակ էր գրել, գումար խնդրել գյուղի խնդիրները լուծելու համար»։
Տիկինը հիշում է` Գուրի Եթերն ուներ ընկուզենու այգի, այգու բերքը բաժանում էր գյուղացիներին և բոլորին, ովքեր ունեին դրա կարիքը։
Սիլվա Սիփանուհին ամուսնու վերաբերյալ պատմում է մեծ ոգևորությամբ, իսկ իր գործունեության մասին համեստությամբ է խոսում:
Ինքը 5 գիրք է հրատարակել, ունի տետրեր, որոնք սպասում են իրենց հերթին, նշեց նա: Սիփանուհու գրքերից են.
-
«Արգելված պտուղ»,
-
«Սիրո մրցանակ»,
-
«Մատաղի գառը»,
-
«Լոռեցու ջավախքը»,
-
«Սիրո մենախոսություն»:
Սիլվա Սիփանուհին 2000 թվականին պատերազմի վետերան Մկրտիչ Քթոյանի հետ հիմնադրել է ATV12 հեռուսաընկերությունը` Ախալքալաքի միակ հեռուսաընկերությունը.
«10 տարի աշխատել եմ այնտեղ, գրական հաղորդումներն էին իմ հետաքրքրության ոլորտը որպես լրագրող: Հրավիրում էի գրողների, ընթերցողների և արվեստի այլ ներկայացուցիչ անձանց: Գնում էի Ախալքալաք հաղորդման, պատահում էր` քաղաք հասնելու գումար էլ չէի ունենում, բայց փորձում էի բաց չթողնել եթերս»:
Սիլվա Սիփանուհին ցանկանում է հրատարակել իր և ամուսնու անտիպ գրքերը։
