«Լիբանանում հայերն առօրյա հացի խնդիր ունեն». Լիբանանահայերից շատերի հայացքն ուղղված է դեպի Հայաստան

Այսօր՝ հուլիսի 14-ին, Բեյրութ-Երևան առաջին չվերթով շուրջ 80 լիբանանահայեր ժամանեցին Հայաստան:

Տարիներ առաջ Լիբանանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է սրվել, և հայ համայնքը պարտադրված է գոյատևել տնտեսական դժվարին պայմաններում: Փորձագետները ներկայիս իրադրությունը չափազանց պայթյունավտանգ են համարում, քանի որ Թուրքիան Լիբանանի հյուսիսում կուտակել է հսկայական ուժեր, սուննի փախստականներ, իսկ վերջիններս Լիբանանում ցույցերի հիմնական կորիզն են կազմում և որոշակի պահի կարող են ուղղորդվել հայաբնակ Բուրջհամուդ:

«Ալիք մեդիայի» տեղեկություններով՝ Լիբանանում մոտ 15 հազար ՀՀ քաղաքացիներ արդեն իսկ ցանկություն են հայտնել տեղափոխվել Հայաստան, և չարտերային չվերթները շարունակվելու են, հաջորդը նախատեսվում է 1 շաբաթից:

ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հայ համայնքը Լիբանանում այժմ մոտ 80 հազար մարդ է կազմում, որոնցից մոտ 25 հազարն ունեն նաև ՀՀ քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ: Ըստ նրա՝ բացի այս 25 հազարից, լիբանանահայության այլ խմբեր ևս նպատակ ունենան գալ Հայաստան, քանի որ երկրում ակտիվացել են հակահայկական տրամադրություններ հրահրող ուժերը, որոնք կապ ունեն նաև հարևան երկրների հետ:

«Մենք կաշխատենք ժամանողների հետ, վեր կհանենք նրանց կարիքները, կկազմվի տեղեկանք՝ հետագա քայլերը ծրագրելու համար»,- ասաց Հ.Ալեքսանյանը:

Լիբանանում հայ համայնքին աջակցության ծրագրեր իրականացնում են տարբեր կազմակերպություններ ու միություններ: Անցած տարեվերջին «Հայաստան» համահայկական հիմնադրամը շուրջ 150 հազար դոլար էր տրամադրել Լիբանանում հայկական կրթական մոտ 18 հաստատությունների և լրատվամիջոցների, «Իմ քայլը» հիմնադրամն աջակցություն է հատկացրել Բիբլոսի «Թռչնոց բույն» հայկական որբանոցին և հատուկ կարիքավոր հայ երեխաների «Զվարթնոց» կենտրոնին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի կարծիքով՝ այնտեղ իրավիճակը գնալով սրվում է. «Երբ այնտեղ անհնար լինի այլևս ապրել, հայերի հնարավոր ճանապարհներից մեկը լինելու է նաև Հայաստանը՝ թեկուզև ժամանակավոր, եթե ոչ մշտական: Լավագույն սցենարն, իհարկե, այն է, որ իրադրությունը կարգավորվի և մեր հայրենակիցները անցնեն իրենց բնականոն կյանքին, բայց այս ճգնաժամն արդեն 9 ամիս է տևում, իսկ խնդիրների կարգավորումը երկարաժամկետ գործընթաց է»:

«Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Դուդակլյանը ևս չափազանց մտահոգիչ է համարում Լիբանանի ընդհանուր վիճակը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ մարդիկ այսօր առօրյա հացի խնդիր ունեն. «Հայերը նույն կացության մեջ են: Որոշ չափով միությունները, հիմնադրամները օգնություն ուղարկում են, բայց դա բավարար չի, որ համայնքի խնդիրները լուծվեն: Չկա տնտեսական զարգացման որևէ հնարավորություն, մարդիկ փակում են իրենց բիզնեսները, դժվար է պատկերացնել, թե ինչ ապագա պետք է լինի այնտեղ»:

Ր.Դուդակլյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները պետք է տեղի ազգային կրոնական ղեկավարության հետ սերտ աշխատեն, որպեսզի անմիջական օգնությունը ծրագրեն.  «Լիբանանում իմ հարազատները գրեթե բոլորն էլ մտորում են Հայաստան տեղափոխվելու մասին: Պարզ չէ, թե ինչքան ժամանակ կարող են դիմանալ, բայց նաև պարզ չէ, թե իրենց ունեցվածքն ի՞նչ պետք է անեն՝ բանկերը փողերը չեն տալիս, տները չեն կարող վաճառել, դատարկ գրպաններով ինչպե՞ս գան: Խնդիրը շատ ավելի բարդ է: Կա՛մ պետք է հրաժարվեն ունեցվածքից, կա՛մ փորձեն լուծել ֆինանսական խնդիրները»:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ Լիբանանի իշխանությունները կձեռնարկեն բոլոր միջոցները էթնոկրոնական խմբերի միջև համերաշխությունը պահպանելու և, ըստ էության, որևէ տեսակի խտրական իրավիճակը բացառելու ուղղությամբ: Սակայն նա ևս կարծում է, որ ներքաղաքական ճգնաժամի նման պայմաններում զարգացումները կարող են լինել որոշ առումով անկանխատեսելի:

«Լիբանանի համայնքը մեր բացառիկ համայնքներից է Մերձավոր Արևելքում, որ զգալի կշիռ ունի երկրի ներսում, ներգրավված է եղել լիբանանյան հաջողությունների ձեռքբերման և դժվարությունների հաղթահարման գործում: Մինչ այս համայնքն ունեցել է հնարավորություն իր բարեկեցությունը երկրի ներսում ապահովելու համար, բայց քանի որ ներքաղաքական խորը ճգնաժամ է ստեղծվել, որը շարունակական է, չի բացառվում, որ զարգացման այլ ընթացքի պարագայում համայնքի տեղափոխման հարց բարձրանա: Բայց այս պահի դրությամբ նման որևէ տեսակի դրսևորում ես չեմ տեսնում»,- ասաց Գ.Գևորգյանը:

Օրերս Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ համայնքում խուճապային տրամադրություններ չկան, դեսպանությունը մշտական կապի մեջ է համայնքային բոլոր կառույցների հետ և շարունակելու է հետևել հետագա զարգացումներին։

«Բնականաբար, Հայաստանը չի կարող անտարբեր մնալ հայ համայնքին հուզող համահայկական խնդիրների հանդեպ, այդ թվում հաշվի առնելով այն սոցիալական խնդիրները, որոնց այսօր առերեսվում է նաև լիբանանահայ համայնքը: Վերոնշյալ հարցերը պարբերաբար քննարկվում են, հնարավորության սահմաններում՝ ձեռնարկվում են աջակցության որոշակի քայլեր, որոնց մի հատվածի մասին հանրությունը տեղեկացվում է»,- ասել էր դեսպանը:

Գայանե Խաչատրյան