Լայնածավալ պատերազմ չի լինի. Վրաց փորձագետը հայ-ադրբեջանական լարվածության մասին. Տեսանյութ

Լայնածավալ պատերազմ չի լինի, ընթացիկ լարվածությունը չենք կարող համեմատել 2016 թվականի իրադարձությունների հետ,-  Ալիք Մեդիայի հետ զրույցում հայ-ադրբեջանական սահմանում լարվածությունը մեկնաբանելիս ասում է վրաց քաղաքական փորձագետ, բլոգեր Գելա Վասաձեն:

Վասաձեն համոզմունքն առ այն, որ հակամարտությունը մեծամասշտաբ պատերազմի չի վերածվի, այսպես է բացատրում.

«Այսօր Հայաստանում էլ, Ադրբեջանում էլ, փաստացի միաժամանակ ամբողջությամբ փոփոխվում է քաղաքական էլիտան: Այս իրավիճակում երկու երկրների իշխանություններն էլ ռիսկ չեն անի: Իհարկե նման իրավիճակում ռազմական հաղթանակը նվեր կլիներ, սակայն ռազմական հաղթանակը ոչ-ոքի համար երաշխավորված չէ: Սակայն այն, որ երկու կողմն էլ այս գործիքը կօգտագործեն ազգի մոբիլիզացիայի համար, դա փաստ է»։

Խոսելով Վրաստանի դիրքորոշման մասին, Վասաձեն ընդգծում է՝ Վրաստանը հետաքրքրված է նրանում, որ հակամարտությունը մեկընդմիշտ վերանա, սակայն դրանում դեր ունենալու որևէ ռեսուրս չունի: Տարածաշրջանում, ըստ Վասաձեի, նման ռեսուրս ունի Ռուսաստանը, սակայն միթե՞ դա մտնում է Ռուսաստանի շահերի մեջ:

Հիշեցնենք, թեմայի հետ կապված՝ Հուլիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ` Դավիդ Զալկալիանիի հետ։ ԱԳ նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում իրավիճակի լարվածության մանրամասները։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ու անվտանգության խաթարմանն ուղղված Ադրբեջանի կողմից գործողությունների անթույլատրելիությունը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս իր մտահոգությունն  է հայտնել հուլիսի 12-13-ին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած զինված բախումների առիթով։ Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ անհրաժեշտ միջոցներ կկիրառվեն, և խաղաղ բանակցությունների ճանապարհով կողմերը կխուսափեն հետագա էսկալացիայից։