Չսկսել անդամակցության բանակցությունները. ԵԽ բանաձևի նախագիծ

Հրապարակվել է Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի «Վրաստանում օտարերկրյա գործակալների օրենքը վերականգնելու փորձերի և քաղաքացիական հասարակության սահմանափակումների մասին» համատեղ բանաձևի նախագիծը։

Հինգ քաղաքական խմբերի (Verts/ALE, Renew Europe, S&D, PPE և ECR) պատրաստած բանաձևի նախագիծն, նախ, գրանցվել է Եվրախորհրդարանում, այնուհետև՝ համաձայնեցվել է համատեղ տեքստը։ Վրաստանի վերաբերյալ բանաձևը Եվրախորհրդարանում կքվեարկվի այսօր՝ ապրիլի 25-ին։ Քվեարկության ընթացքում վերջնական տարբերակում կարող են շտկումներ անել և տեքստի մեջ փոփոխություններ կատարել։

Եվրախորհրդարանի բանաձևի նախագծի համաձայն՝ Վրաստանի հետ անդամակցության բանակցությունները չպետք է սկսվեն այնքան ժամանակ, քանի դեռ «գործակալների օրենքն»  օրակարգում է։ Խորհրդարանը Եվրահանձնաժողովին կոչ է անում միջանկյալ գնահատական ​​պատրաստել Վրաստանի կողմից 9 քայլերի իրականացման վերաբերյալ։

Ի տարբերություն առանձին քաղաքական խմբերի տեսակետների, համատեղ բանաձևի նախագծում չի նախատեսվում պատժամիջոցների կիրառում Բիձինա Իվանիշվիլիի և օրինագիծը սատարող պատգամավորների նկատմամբ, և որևէ անդրադարձ չկա վիզաների ազատականացման վերանայմանը։

Այնուամենայնիվ, ակնարկ կա ԵՄ ֆինանսավորման հնարավոր վերանայման մասին: Նշվում է նաև, որ նախորդ բանաձևերում Եվրախորհրդարանն արդեն պահանջել է միջոցներ ձեռնարկել՝ օլիգարխիկ շահերի կործանարար դերը Վրաստանի քաղաքականության և տնտեսության մեջ նվազեցնելու համար` ներառյալ լրագրողների և քաղաքական հակառակորդների հանդեպ քաղաքական դրդապատճառներով հետապնդումները։ Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պետք է ազատ արձակվի նաև մարդասիրական նկատառումներով։

Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով՝ օտարերկրյա ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների թափանցիկության ապահովման օրինական նպատակը չի կարող արդարացնել նրանց գործունեությունը սահմանափակող միջոցառումները, հատկապես ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտում: