«Ռուսական օրենքի» դեմ ակցիաների մասնակից աշակերտը տուգանվել է

Այսօր՝ ապրիլի 25-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանը 2200 լարիի չափով տուգանել է  «գործակալների մասին օրենքի» դեմ՝ «Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին» ակցիաների մասնակից, 18-ամյա աշակերտ Սանդրո Ջոխաձեին։ Նրա շահերը պաշտպանում է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԿ)։

Կազմակերպությունից radiotavisupleba լրատվամիջոցին ասել են, որ կողմի համաձայնության դեպքում կբողոքարկեն դատավորի որոշումը։

Եղբայրներ Սանդրո և Գիգա Ջոխաձեները ձերբակալվել են խորհրդարանի աջ մուտքի մոտ գտնվող փողոցում` ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերվա բողոքի ակցիայի ժամանակ։

Ֆեյսբուքում տարածված լուսանկարում Սանդրո Ջոխաձեն և նրա ընկերը՝ Թեմո Կոկոզաշվիլին, դեմքով կանգնած են դեպի հատուկ ջոկատայինները: Վրաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ Բուդու Զիվզիվաձեն «գործակալների օրենքի» դեմ գրառմանը կից հրապարակել է հենց այդ լուսանկարը։

Ըստ ՀԿ-ի՝ այս պահին ընթանում է Սանդրո Ջոխաձեի դատավարությունը։

Վրաստանի խորհրդարանն ապրիլի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «գործակալների մասին օրենքը»։ «Վրացական երազանք»-ի նպատակն է «դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների թափանցիկությունը և պետական ​​ինքնիշխանության պաշտպանությունը»։

Քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն օրենքը անվանում է ռուսական և կարծում է, որ իշխող կուսակցության նպատակն է սահմանափակել ժողովրդավարության զարգացման համար աշխատող կազմակերպություններին և արգելափակել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։

Եվրամիությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են Վրաստանի իշխանությանը, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի՝ դեպի Եվրամիություն առաջընթացի վրա։