Ինչպես ստանալ Վրաստանի քաղաքացիություն. Աննա Դարբինյանի ճանապարհը

Վրաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը, հատկապես օտարերկրացիների համար, ունի որոշակի պահանջներ, այդ թվում՝ քննություն հանձնելը: Այս գործընթացը կարգավորվում է «Վրաստանի քաղաքացիության մասին» օրենքով։

Քաղաքացիություն ստանալու համար քննություն է պահանջվում։

Ընդհանուր կարգով քաղաքացիություն ստանալու համար դիմորդը պետք է ապրի Վրաստանի տարածքում օրինական վերջին 10 տարվա ընթացքում։ Նաև պահանջվում է.

Վրացերենի իմացություն. պետք է տիրապետել վրացերենին այն ծավալով, որը բավարար է պետական մարմիններում, նաև առօրյա կյանքում հաղորդակցվելու համար։ Սա սովորաբար գնահատվում է որպես B1 կամ B2 մակարդակի իմացություն։

Վրաստանի պատմության հիմնական դրույթների իմացություն. պետք է տեղյակ լինել երկրի պատմության հիմնական փուլերին և կարևոր իրադարձություններին։

Վրաստանի օրենքի (Սահմանադրության) հիմնական դրույթների իմացություն. պետք է տեղյակ լինել Վրաստանի Սահմանադրության և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների վերաբերյալ հիմնական սկզբունքներին։

Քննությունը սովորաբար անցկացվում է գրավոր և բանավոր ձևաչափերով և ուղղված է գնահատելու դիմորդի ինտեգրումը վրաց հասարակությանը։

Հիմնական պահանջները (ընդհանուր կարգ)

Այս թեմայով «Ալիք Մեդիա Վրաստան»-ը զրուցել է Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի հանրակրթական դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհիներից մեկի՝ Աննա Դարբինյանի հետ։

Նա նույնպես Վրաստանի քաղաքացիություն է ստացել վերոնշյալ քննությունը հանձնելուց հետո և պատմեց իր փորձի մասին։ Ուսուցչուհին Հայաստանից է, պատմեց, որ երկար ժամանակ որևէ երկրում բնակվելու ընթացքում ինքնաբերաբար բխում է քաղաքացիություն ստանալու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ հենց այդ գիտակցված միտքն էլ դարձել է իր կայացրած որոշման հիմնական պատճառը։

«Կարծում եմ, երբ բնակվում ես որևէ երկրում, այդ երկրի քաղաքացիություն ունենալը խիստ անհրաժեշտություն է։ Հենց այս միտքն էլ դարձել է նման որոշում կայացնելու պատճառը։

Ինձ համար որոշակի դժվարություն էին ներկայացնում Վրաստանի պատմության թեստերը, որովհետև մեծամասամբ անծանոթ դեպքերի մասին էին, իսկ մյուս հարցերով որևէ դժվարություն չկար, — ասաց Դարբինյանը։ 

Քաղաքացիություն ստանալու ճանապարհը, ըստ մեր զրուցակցի, բաղկացած է մի քանի հաջորդական փուլերից. նախ՝ քննության համար գրանցումն ու պատրաստվելու գործընթացն է, այնուհետև՝ քննության անցկացումը։ Քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո սկսվել է նոր փուլ՝ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքում, քաղաքացիության դիմումի լրացում և հանձնում։ Դրան հաջորդել է հարցազրույցը, որի ավարտից հետո, նրա խոսքով, սկսվել է անորոշ սպասման շրջան։ Տեղեկությունը վերջնական որոշման մասին քաղաքացին ստանում է հաղորդագրությամբ։

Ուսուցչուհին ընդգծեց, որ պատրաստվելիս ակտիվ աշխատել է թեստերով, որպեսզի որևէ հարց անպատասխան չմնա։ Նրա փորձով՝ դիմումների պատասխանները սովորաբար ստացվում են մոտ 80 օրվա ընթացքում։

«Քաղաքացիություն ստանալ ցանկացողներին խորհուրդ կտամ չվախենալ։ Դժվար բան չկա»,- ասաց նա։

Լրացուցիչ մանրամասներ

Բացի քննությունից, դիմորդը պետք է ունենա.

Մշտական բնակություն. բնակվի Վրաստանում օրենքով սահմանված կարգով առնվազն 10 տարի (քաղաքացիության համար դիմելու պահից առաջ)։

Աշխատանք կամ գույք՝ ունենա աշխատանք Վրաստանում կամ անշարժ գույք, կամ ձեռնարկատիրական գործունեություն Վրաստանի տարածքում, կամ բաժնետոմսեր վրացական ձեռնարկությունում (նվազագույն ապրուստի միջոցներ ապահովող):

 Քաղաքացիություն ստանալը պարզեցված կարգով (ամուսնության հիմքով)

Եթե դիմորդը ամուսնացած է Վրաստանի քաղաքացու հետ և ապրել է Վրաստանում 5 տարի, նա կարող է դիմել պարզեցված կարգով։

• Պահանջվում է քննություն. այս կարգով դիմելիս ևս պահանջվում է վրացերենի, պատմության և օրենքի հիմնական դրույթների իմացության քննություն։

Նշենք. ըստ տվյալների` 2024 թվականին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 3587 անձի, որոնց մեծ մասը Ռուսաստանից (2361), Գերմանիայից (251) և Ուկրաինայից (175) էին, ինչը 476-ով ավելի է 2023 թվականից։ 2024 թվականին Վրաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի Հանրապետության 131 քաղաքացի։ Նույն ժամանակահատվածում 1592 անձ կորցրել է քաղաքացիությունը` հիմնականում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պատճառով (802 դեպք)։