Վրաստանում սեփական մեքենայում երեխայի ներկայությամբ ծխելը հնարավոր է արգելվի

Վրաստանում անչափահասների ներկայությամբ տաքսիներում և անձնական մեքենաներում ծխելը կարող է արգելվել:

Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը (NCDC):

«Եթե մենակ եք ձեր մեքենայում, ոչ ոք չի արգելի ձեզ ծխել:  Եթե մեքենայում ձեզ հետ երեխաներ կամ դեռահասներ կան,  չպետք է ծխախոտի ծուխ լինի, և ծխելը պետք է արգելվի: Երբ օրենքն ընդունվեց 2017-ին,  բացառություն թույլ տրվեց` մեքենայում ծխելու համար, չնայած մենք դեմ էինք: Հիմա մեր նախաձեռնությունն այն է, որ ո’չ վարորդը, ո’չ էլ տաքսի նստած մարդիկ չպետք է տաքսիում ծխեն, քանի որ ծխախոտից կուտակված ծուխը բացասաբար է ազդում մարդու, հատկապես` երեխաների առողջության վրա »,- ասում է կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:

Երեխաների ներկայությամբ տաքսիներում և սեփական  ավտոմեքենաներում ծխելը արգելելու վերաբերյալ առաջարկը Վրաստանի խորհրդարանն այս տարվա ապրիլին է ընդունել: Պատգամավորները որոշել են, որ նման դրույթ ավելացնելուց առաջ  անհրաժեշտ է ծխախոտի դեմ պայքարի մասին օրենքի մոնիթորինգ:

Հակածխախոտային օրենսդրությունը Վրաստանում ուժի մեջ է 2017-ի մայիսից: Այսօր Վրաստանում ծխելն արգելվում է գրեթե բոլոր հասարակական վայրերում: Բացառություն են խաղատներն ու  համալսարանների և բժշկական հաստատությունների տարածքներում հատուկ կահավորված տեղերը:

Այսօր Վրաստանում ծխախոտի գները սկսվում են 5,5 լարիից: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին երկրում մեկ տուփ ծխախոտն արժեր մոտ 1,5 լարի: