Իրանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և դրանց տարածաշրջանային արձագանքները դարձել են համաշխարհային քաղաքականության առանցքային թեմաներից մեկը։
Իրանում բողոքի ալիք սկսվեց 2025-ի դեկտեմբերի վերջին, երբ հասարակության տարբեր շերտերում խոշոր դժգոհություններ առաջացան՝ կապված արժույթի արժեզրկման, կենցաղային գնաճի եւ տնտեսական ճգնաժամի հետ։ Դրանք արագ վերածվեցին լայնամասշտաբ ցույցերի՝ ընդգրկելով երկրի 31 նահանգների մի մասը, իսկ շուտով ամբողջ երկիրը՝ մի շարք քաղաքներով։
Այս տնտեսական անհանգստություններին զուգահեռ, միավորվեցին մի շարք այլ հանգամանքներ՝ ներառյալ անհամաձայնությունը երկրի կառավարության ներքին ու արտաքին քաղաքականության նկատմամբ և հանրային վստահության լուրջ նվազումը։ Բողոքի ակցիաներն արագորեն վերաճեցին ընդդիմադիր շարժման` իշխանափոխության կամ կտրուկ քաղաքական բարեփոխումների պահանջով։
Հունվարի 13-ին REUTERS գործակալությունը, հղում անելով իրանցի պաշտոնյայի, գրել է, որ բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է մոտավորապես 2000 մարդ, չնայած տարբեր լրատվամիջոցներում տարածված ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ սպանվածների թիվը կարող է լինել 20 հազարից մինչև 50 հազար։
2026-ի հունվարի 8-ից սկսած, Իրանում գրանցվեց իր պատմության մեջ համապարփակ ինտերնետային կապի փակում (blackout). ամբողջ ինտերնետային և հեռահաղորդակցական կապը միտումնավոր խափանվեց՝ «բողոքի ալիքը կարգավորելու» նպատակով։
Այս քայլը վերլուծաբանները հիմնավորում են որպես տեղեկատվական վերահսկողություն՝ դրսից տեղեկությունների հոսքը խոչընդոտելու և ուժային պատասխանները կասեցնելու համար։
Վրաստանի հասարակական շրջանակներում աջակցության կոչեր են հնչում Իրանի բնակչության նկատմամբ. Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունվարի 14-ի ժամը 18:00-ին Իրանի դեսպանատան առջև կայացել է Իրանի ժողովրդին աջակցության հանրահավաք։
Արևելագետ և իրանագետ Նիկո Քելբեքիանին իր ֆեյսբուքյան էջում ծավալուն գրառում է կատարել, որտեղ վերլուծել է Իրանում կատարվող իրադարձությունները, դրանց պատճառահետևանքային կապը։
«Ինչո՞ւ սկսվեցին բողոքի ցույցերը
Բողոքի ալիքը սկսվեց դեկտեմբերի 28-ին, երբ իրանական ռիալն արտարժույթի (հիմնականում ԱՄՆ դոլարի) նկատմամբ հերթական ռեկորդային անկումը գրանցեց, և Թեհրանի շուկայի վաճառողները դուրս եկան փողոց՝ բողոքելու տնտեսական խնդիրների դեմ։ Նախնական հիմնական պատճառները հենց բարձր գնաճը, արժույթի արժեզրկումը և ընդհանուր տնտեսական ճգնաժամն էին, սակայն բողոքի ակցիաները տարածվեցին երկրի տարբեր հատվածներում, և շուտով հնչեցին նաև վարչակարգի դեմ ուղղված կոչեր։
Իրանական ռիալն աշխարհի ամենաարժեզրկված արժույթներից մեկն է. մեկ ԱՄՆ դոլարի գինը ներկայումս կազմում է մոտ 1 մլն 450 հազար ռիալ։ Համեմատության համար՝ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 800 հազար էր, երկու տարի առաջ՝ 500 հազար, իսկ հինգ տարի առաջ՝ 250 հազար։ Արդեն տարիներ շարունակ Իրանում գնաճը երկնիշ է՝ երբեմն հասնելով 40-50%-ի։ Իրանական տնտեսական ճգնաժամը նոր չէ և պայմանավորված է բազմաթիվ գործոններով, այդ թվում՝ ամերիկյան պատժամիջոցներով (ռիալի անկումը և գնաճը հատկապես ակտիվացան 2017 թվականից, երբ Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահ), ներքին կոռուպցիայով, սխալ կառավարմամբ և պետական տնտեսական համակարգի ընդհանուր անճկունությամբ»,- գրել է իրանագետը։
Նրա խոսքով՝ ինչպես նախկինում, այժմ էլ տեսնում ենք տարբեր քաղաքներում ընթացող ցույցեր, որոնք չունեն ձևավորված առաջնորդ կամ առաջնորդների խումբ։ Մեծ քաղաքներում դեռևս չկան տասնյակ հազարավոր մարդկանց միաժամանակյա հավաքներ, թեև դա կարող է փոխվել առաջիկա օրերին։
«Պետք է հաշվի առնել, որ սոցիալական մեդիայում շատ են չափազանցված լուրերը։ Լուրերը քաղաքների գրավման կամ վարչակարգի վայրկենական փլուզման մասին չեն համապատասխանում իրականությանը։ Իրանը դեռևս ունի բավարար հավատարիմ ուժային կառույցներ՝ անզեն ցուցարարներին զսպելու համար։
Այնուամենայնիվ, այս ալիքն էլ ավելի է թուլացնում Իսլամական Հանրապետության լեգիտիմությունը։ Տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար Իրանին անհրաժեշտ են թե՛ արտաքին հարաբերությունների կարգավորում, թե՛ հիմնարար կառուցվածքային բարեփոխումներ, որոնց պատրաստակամությունը Խամենեիի կառավարման օրոք դեռևս չի երևում», — գրել է Քելբեքիանին։
Նախկին դիվանագետ և պետական գործիչ Դավիթ Չխեիձեի կարծիքով` Իրանում փոփոխությունները Վրաստանի համար կունենան նույնպիսի նշանակություն, ինչպիսին ուներ Խորհրդային Միության փլուզումը։
«Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ իրանական հասարակությունն ունի տարածաշրջանում թերևս ամենամեծ պոտենցիալը՝ դառնալու իսկապես ժողովրդավարական և ժամանակակից։ Վրաստանի քաղաքակրթական դիմագիծը դարերի ընթացքում մեծապես պայմանավորված է եղել Բյուզանդիայի և Իրանի մերձավորությամբ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ եթե ավտորիտարիզմն ու ֆունդամենտալիզմը որևէ տեղ վնասել ու ընկճել են ազգի մշակութային և ստեղծագործական ուժերը, ապա դա թերևս ամենից շատ տեղի է ունեցել Իրանում` հավելելով. «Հենց այդ պատճառով, ամբողջ հոգով ու սրտով երկրպագում և սատարում եմ այս բազմահազարամյա ազգի և պետության պայքարին հանուն ազատության։
Հաղթանակը շատ մոտ է։
Ողջ տարածաշրջանի ազատագրումը, կերպարանափոխումը և արդիականացումը շատ մոտ է և անխուսափելի»։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին նշեց, որ Իրանում տեղի է ունենում սովորական տեռոր խաղաղ բնակչության դեմ։
«Բռնությունը հասնում է իր գագաթնակետին, և տասնամյակների ընթացքում առկա խախտումներն արտահայտվում են առավել դաժան ձևերով։ Անհրաժեշտ է դադարեցնել բռնություններն ու բռնաճնշումները և վերադառնալ ժողովրդավարական նորմերին», — ասաց Նանուաշվիլին։
Իրանում տեղի ունեցող իրադարձությունները դուրս են եկել զուտ ներպետական խնդրի շրջանակներից՝ վերածվելով տարածաշրջանային նշանակության գործընթացի։ Միջազգային հանրության, այդ թվում Վրաստանի արձագանքները բարձրաձայնում են իրանցի ժողովրդի հիմնարար իրավունքների պահպանման կարևորությունը։