Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի մոտ հավաքված ուսանողների և երիտասարդ ակտիվիստների խումբը հայտարարությամբ դիմել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, ըստ որի` իրենք ընդունում են Կոբախիձեի «մարտահրավերը» և պատրաստ են բանավեճի։
Ուսանողները նշել են, որ ունեն կառավարության հայտարարած կրթական բարեփոխումների վերաբերյալ կոնկրետ հարցեր, որոնց պատասխաններ պետք է տրվեն։
«Մենք այս հայտարարությունն անում ենք խորհրդանշական տեղից՝ երեք պատճառով. մենք գտնվում ենք համալսարանի կողքին, որը քանդվում է, այսպես կոչված, կրթական բարեփոխմամբ, մենք գտնվում ենք համալսարանի կողքին, որտեղ տարիներ շարունակ սովորել և դասավանդել է այս հայտարարության հասցեատերը, և մենք գտնվում ենք այն բակում, որտեղ սկսվել են այդքան շատ մեծ շարժումներ։
Ցանկանո՞ւմ եք բանավեճեր և քննարկումներ. այստեղ շատ երիտասարդներ պատրաստ են հարցեր տալ, որոնց, պատասխաններն ու փաստարկներն, անկասկած, ունենք, իսկ հետո մենք՝ ամբողջ երկիրը մեզ հետ, կլսենք ձեզ և կանենք մեր եզրակացությունները՝ ցանկացած ձևաչափով, ցանկացած ալիքով, ցանկացած ժամանակ և, իհարկե, ուղիղ եթերում», — Իրակլի Կոբախիձեին դիմել է «Սարթուլի» քաղաքական շարժման համահիմնադիր Լուկա Խիզաձեն։
Հունվարի 22-ին Իրակլի Կոբախիձեն սոցիալական ցանցում հրապարակեց բանավեճերի անհրաժեշտության մասին ծավալուն գրառում։
«Մենք պետք է հանրային քննարկումը վերադարձնենք հանրային կյանք, որը կենսական նշանակություն ունի լիարժեք ժողովրդավարության գործունեության համար», — գրել է Իրակլի Կոբախիձեն սոցիալական ցանցում:
Իր գրառման մեջ նա նաև նշել է, որ լրատվամիջոցները քաղաքական դրդապատճառներով արհեստականորեն ստեղծում են հակասություններ, «լրատվամիջոցները լի են ստերով, վիրավորանքներով, հայհոյանքներով, զրպարտություններով ու հիստերիայով, և նորմալ, առողջ մարդն այլևս չի ցանկանում մասնակցել այնպիսի բանավեճի, որն ի վերջո ավարտվում է վիրավորանքներով»: