Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Վրացական երազանք»-ի կառավարության հայտարարած կրթական բարեփոխումը համեմատել է «պատերազմի» հետ։ Նա ասել է, որ դա երկրի դեմ հիբրիդային ռազմավարության մի մասն է։ Զուրաբիշվիլին այս հայտարարությունն արել է Թբիլիսիի «Էքսպո Ջորջիա» ցուցահանդեսային կենտրոնում նախատեսված փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ։
«Ըստ էության, նրանք մեզ պատերազմ են հայտարարել։ Ես չգիտեմ, թե որտեղ է խաղաղությունը։ Մենք, ըստ էության, մենակ ենք մնում հրեշի հետ։ Մենք պետք է հասկանանք` ոչինչ պատահական չէ։ Այս տեքստերը իրենք չեն գրում։ Մենք տեսնում ենք, թե ովքեր են նստած խորհրդարանում և հանձնաժողովներում։ Այս ամենը գրվում է նույն տեղում, որտեղ մշակվում է Վրաստանի դեմ հիբրիդային ռազմավարությունը։ Նմանատիպ բարեփոխում ընդունվել է նաև Ռուսաստանում 2022 թվականին։ Համեմատեք տարբերությունները։ Սա այն հարցի պատասխանն է, թե որտեղ է գրվել այս կեղծ բարեփոխումը», — հայտարարել է Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով, բարեփոխման հետևանքները կլինեն համակարգային և երկարաժամկետ։ Զուրաբիշվիլին վստահեցրել է, որ «հաջորդ սերնդի համար եվրոպական կրթական համակարգը, որի մի մասն էինք մենք, կդառնա անհասանելի», և Վրաստանը կդառնա «ստվերային հարևանի գաղութ» և «կոնֆորմիստական գիտելիքներով մեկուսացված նահանգ»։
«Խորհրդային շրջանին բնորոշ կուլիսային գործարքները կվերադառնան, և, իհարկե, կվերադառնա նաև բարձր մակարդակի կոռուպցիան։ Ի վերջո, որոշումները այն մասին, թե որ պրոֆեսորները որտեղ կաշխատեն և որ համալսարանում պետք է հաճախի տվյալ ուսանողը, կընկնեն այն մարդկանց ձեռքը, որոնց գիտելիքների և կրթության մակարդակը զարմանալի է նույնիսկ հիմա», — շարունակել է նա։
Եզրափակելով իր ելույթը՝ Զուրաբիշվիլին կոչ արեց դիմադրել բարեփոխումներին՝ հայտարարելով համալսարանների, կրթական համակարգի և «վրացական հոգու» պահպանման համար պայքարելու անհրաժեշտության մասին։