Կառավարության համակարգված աշխատանքի շնորհիվ խուսափեցինք բախումներից․ Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին վստահ է, որ կառավարության համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ խուսափել հնարավոր առճակատումից:

«Իշխող թիմն աշխատեց առավելագույնս համակարգված: Ներգրավված էր գործադիր իշխանությունը, խորհրդարանն ու քաղաքապետարանը: Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի որոշումն այդ իրավիճակում ամենաօպտիմալն էր: Շատ ակտիվ աշխատեցին նաև քաղաքապետ Կախա Կալաձեն և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն: Միասին, երկու օր ու գիշեր աշխատելով, կարողացանք խուսափել բախումներից»,- վարչապետի խոսքերն է մեջբերում interpressnews-ը:

Հիշեցնենք՝ Թբիլիսիում խորհրդարանի նախկին շենքի հարակից տարածքում կիրակի օրը միաժամանակ երկու բողոքի ակցիա էր ընթանում:

Մայրաքաղաքի գիշերային ակումբներում ոստիկանության իրականացրած հատուկ գործողությունից հետո «Սպիտակ աղմուկ» շարժման նախաձեռնությամբ սկսված «Հանուն իմ ազատության» խորագրով ակցիայի մասնակիցների դեմ էին դուրս եկել ազգայնական «Երիտասարդ ազգային դաշինք», «Վրացիների քայլեթ» և մի շարք այլ կազմակերպությունների համախոհներ, ինչի պատճառով իրավիճակը լարվել էր։

Դեպքի վայր էր ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, ում հաջողվել էր հարթել իրավիճակը։

Թողնել պատասխան