««Դրամաշնորհների մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները խորապես վնասակար են և վկայում են Վրաստանում ավտորիտար գործելակերպի հետագա ընդլայնման մասին՝ այլախոհությունը լռեցնելու, քրեականացնելու և իշխանությունը ամրապնդելու նպատակով», — հայտարարել է Amnesty International-ը՝ ի պատասխան «Վրացական երազանք»-ի նախաձեռնած փոփոխությունների։
Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը նշել է, որ սա Վրաստանում անկախ քաղաքացիական հասարակության, քաղաքական ընդդիմության և կառավարության վերահսկողությունից դուրս հասարակական կյանքին մասնակցության հետ կապված գրեթե ամեն ինչ քրեականացնելու ակնհայտ փորձ է:
Փոփոխությունները զգալիորեն ընդլայնում են դրամաշնորհի սահմանումը՝ ներառելով ցանկացած օտարերկրյա ֆինանսավորում կամ բնաիրային աջակցություն գրեթե ամեն ինչի համար, որը կառավարությունը չի հաստատում՝ քաղաքական ակտիվիզմից մինչև վերլուծական աշխատանք և փորձագիտական խորհրդատվություն։
«Արտաքին ֆինանսավորում, վարձատրություն կամ բնաիրային աջակցություն փնտրելու, օգտագործելու և ստանալու հնարավորությունը քաղաքացիական հասարակության գործունեության առանցքային մասն է և միջազգային իրավունքով պաշտպանված իրավունք է։ Վրաստանի իշխանությունները պետք է հետ վերցնեն այս օրենսդրական առաջարկները և երկրի օրենսդրությունը լիովին համապատասխանեցնեն մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պարտավորություններին` ներառյալ միավորման և խոսքի ազատության իրավունքները», — ասել է Կրիվոշեևը։