Միգրանտների 30 տոկոսը Վրաստանը կլքի 2023-ին

TBC Capital-ի մակրոոլորտային հետազոտության համաձայն՝ միգրանտների 30 տոկոսը Վրաստանը կլքի 2023 թվականին։

Հետազոտության համաձայն, միգրանտների 75 տոկոսը բնակություն է հաստատել Թբիլիսիում. ընտանիքները բաղկացած են միջինը 3 հոգուց։

Ըստ TBC Capital-ի, նրանց պահանջարկը հիմնականում գալիս է վարձակալության շուկայից։ 2022 թվականին բնակարանների 30 տոկոսը վարձակալել են միգրանտները, 70 տոկոսը՝ տեղացիները, իսկ 2023 թվականի կանխատեսման համաձայն՝ միգրանտների կողմից բնակարանների վարձակալումը կնվազի՝ մինչև 18 տոկոս։

2022 թվականին, ըստ TBC Capital-ի հետազոտության, վաճառված բնակարանների միայն 10 տոկոսն են գնել միգրանտները, հաջորդ տարի սպասվում է, որ այդ ցուցանիշը կաճի՝ հասնելով մինչև 12 տոկոսի:

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի բազմաթիվ քաղաքացիներ որոշում են կայացրել հեռանալ երկրից։ Վրաստանում ռուսաստանցիների թիվը կտրուկ ավելացել է Պուտինի հայտարարած զորահավաքից հետո։

Աննախադեպ ներհոսքի ֆոնին Վրաստանում ավելացել են նաև բնակարանների վարձավճարները։