Aerosmith-ի համերգի տոմսերի վաճառքը կմեկնարկի փետրվարին

Աշխարհառչակ «Aerosmith» ռոք խմբի վրաստանյան համերգի տոմսերի վաճառքը կմեկնարկի փետրվարի սկզբին: Այս մասին հայտարարել է «Black sea arena» համերգասրահի տնօրեն Դիմիտրի Բերիձեն՝ նշելով, որ տոմսերը կարժենան 70-ից 400 լարի:

«Բազմաթիվ այլ երկրներում «Aerosmith»-ի համերգի տոմսերն անհամեմատ թանկ կարժենան:Ամենայն հավանականությամբ, վրաստանյան համերգի տոմսերը կսկսվեն 70 լարիից, սրահում մինչև 100 տեղ կհատկացվի: Այսպես կոչված երկրպագուների համար նախատեսված հատվածում, որտեղ 3500 մարդ է տեղավորվում, տոմսերը կարժենան 100-ից 130 լարի: Առաջին կարգի տոմսերը կվաճառվեն 200, երկրորդ կարգինը՝ 150 լարիով: Ինչ վերաբերում է 334 մարդու համար նախատեսված VIP տարածքին, տոմսերը կարժենան 300-ից 400 լարի, որի մեջ մտնում է սնունդը, խմիչքը, ինչպես նաև համերգասրահի մոտ  սեփական կայանատեղիին»,- ասել է Բերիձեն՝ նշելով, որ առաջիկա օրերին պարզ կդառնա, թե որ կայքում կսկսվի տոմսերի վաճառքը։

Հիշեցնենք՝ աշխարհահռչակ «Aerosmith» ռոք խմբի համերգը 2017 թվականի մայիսի 20-ին տեղի կունենա Վրաստանի Օզուրգեթի շրջանի Նատանեբի գյուղում գտնվող «Black sea arena» համերգասրահում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համերգի անցկացման համար Վրաստանի պետական բյուջեից հատկացվել է 5 միլիոն 500 հազար լարի:

Հիշեցնենք, որ նորակառույց համերգասրահի բեմում 2016 թվականին ելույթ են ունեցել այնպիսի հայտնի կատարողներ, ինչպիսիք են Կրիստինա Ագիլերան, «Scorpions» խումբը և այլոք։

Թողնել պատասխան