Թբիլիսիի օրինակով, տաքսու արտոնագիր տրամադրելու հնարավորություն կունենան նաև այլ ինքնակառավարվող քաղաքներ. սա նախատեսում է խորհրդարանում «Վրացական երազանք»-ի անդամների ներկայացրած օրինագիծը։ Փաստաթղթի համաձայն՝ համապատասխան արտոնագիր տրամադրելու իրավունք կունենան ինքնակառավարվող քաղաքների հիմնադրած Հանրային իրավունքի իրավաբանական անձինք։
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Վրաստանի օրենքի նախագծի պատրաստումը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման օրենսգիրք» օրգանական օրենքում իրականացվելիք փոփոխություններով»,- նշված է օրինագծի պարզաբանման մեջ:
Օրինագծի պարզաբանմամբ՝ այդ արտոնագրերի տրամադրմամբ ինքնակառավարվող քաղաքները լրացուցիչ եկամուտներ կստանան:
«Անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններով սահմանել, որ ինքնակառավարվող քաղաքների հիմնադրած իրավաբանական անձինք հնարավորություն կունենան թույլտվություն տալու մունիցիպալիտետի վարչական սահմաններում կանոնավոր ուղևորափոխադրումների և թեթև մարդատար ավտոմեքենայով՝ տաքսիով (M1 կատեգորիա) փոխադրումների վերաբերյալ:
Ինքնակառավարվող քաղաքին կտրվի լիազորություն՝ թույլտվության տրամադրման գործունեությունն իրականացնելիս սահմանել թույլտվության վճար: ՀԻԻԱ-ի (Հանրային իրավունքի իրավաբանական անձ) հիմնադրման արդյունքում կստեղծվի արագացված ծառայություններ մատուցելու հնարավորություն, որի վճարից ստացված եկամուտը կուղղվի ՀԻԻԱ-ի բյուջե, իսկ օրենքով սահմանված տուրքերը՝ մունիցիպալիտետի բյուջե»,- ասված է օրինագծի պարզաբանման մեջ:
Վրաստանում, բացի Թբիլիսիից, ընդամենը մի քանի քաղաք ունի ինքնակառավարվող քաղաքի կարգավիճակ, դրանք են՝ Բաթումին, Քութաիսին, Ռուսթավին և Փոթին: Հետևաբար, հենց այս քաղաքների սակրեբուլոներին (ավագանիներին) կտրվի իրավունք ընդունելու ենթաօրենսդրական ակտեր, սահմանելու տաքսուց օգտվելու արտոնագիր և հաստատելու համապատասխան գործունեությունը կարգավորող նորմեր: Ներկայումս տաքսիների արտոնագրորման կարգը գործում է միայն Թբիլիսիում:
2025 թվականին Թբիլիսիի մունիցիպալիտետի եկամուտը տաքսու արտոնագրերից կազմել է 4,7 միլիոն լարի, 2024 թվականին՝ 5,6 միլիոն, իսկ 2023-ին՝ 2,3 միլիոն լարի: Արտոնագրված տաքսին Թբիլիսիում սպիտակ գույնի է և իրավունք ունի տեղաշարժվելու ավտոբուսների համար հատկացված գոտիներով (Busline):