Վրաստանում ժողովրդավարության նահանջը և այդ ճանապարհին ժողովրդավարական ուժերին աջակցելու անհրաժեշտությունը, տարածաշրջանային դինամիկան, ԱՄՆ-ի դերի ուժեղացումը Հարավային Կովկասում, «Թրամփի ճանապարհից» Վրաստանի դուրս մնալը՝ այս հարցերը քննարկվեցին երեկ` չորեքշաբթի օրը, «Հելսինկիի հանձնաժողովում»։
Փետրվարի 11-ին, Թբիլիսիի ժամանակով ուշ երեկոյան, ԱՄՆ «Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովը» փորձագիտական ճեպազրույց անցկացրեց «Վրացական երազանք»-ի կողմից «այլախոհության աճող ճնշման» վերաբերյալ։
Ելույթ են ունեցել`
- Լորա Թորնթոնը` Մաքքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրի ավագ տնօրեն, Թբիլիսիում NDI գրասենյակի նախկին ղեկավար,
- Օլեսյա Վարդանյանը` Ջորջ Մեյսոնի համալսարանի գիտաշխատող,
- Քլեր Քայզերը` McLarty Associates միջազգային առևտրային խորհրդատվական ընկերության ավագ կառավարիչ տնօրեն։
«Շատերը կարծում են, որ Վրաստանի ժողովրդավարական անկումը վերջերս է տեղի ունեցել և արագ, բայց ես կպնդեի, որ նախազգուշական նշանները բավականին վաղուց են ի հայտ եկել:
«Վրացական երազանք»-ի կառավարման հենց սկզբից կար մի ճակատագրական թերություն, և այդ թերությունը ռուսաստանաբնակ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին է», — ասել է Լորա Թորնթոնը։
Օլեսյա Վարդանյանը իր ելույթն սկսել է մեկուկես տարի առաջ նույն հանձնաժողովում ասվածից՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարների մասին։
«Այն ժամանակ շատ կասկածամիտներ պնդում էին, որ Միացյալ Նահանգները ոչինչ չի կարող անել, որ հակամարտությունը չափազանց բարդ է, և ամերիկացիներին չի հետաքրքրում այդ տարածաշրջանը։ Հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունեցել այդ ժամանակվանից ի վեր, այդ թվում՝ Հարավային Կովկաս բարձր մակարդակի այցելությունները և Սպիտակ տան ներգրավվածությունը, պարզ է, որ նրանք սխալվում էին», — ասել է Վարդանյանը։
Քլեր Քայզերը համառոտ ներկայացրել է ընթացող բողոքի ցույցերը, ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները և ասել, որ Բայդենի վարչակազմի ձեռնարկած ռազմավարական գործընկերության կասեցումը և հետագա պատժամիջոցները «նշանակալի քաղաքական արձագանք» էին։