Վրաստանում սկսվում է առաջին դասարանցիների գրանցումը

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը սահմանել է 2026-2027 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցման ժամկետներն ու պայմանները։

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ դպրոցական տարիքի հետ կապված փոփոխություն է կատարվել «Հանրակրթության մասին» Վրաստանի օրենքում։ Մասնավորապես, 2026-2027 ուսումնական տարում առաջին դասարանում կարող են գրանցվել այն երեխաները, որոնց 6 տարին կլրանա մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ։

2026-2027 ուսումնական տարվանից փոփոխություն է կատարվել նաև առաջին դասարանցիների գրանցման գործընթացում։ Մինչ համընդհանուր գրանցման փուլի մեկնարկն ավելացվել է երրորդ՝ «տարածքային սկզբունքով գրանցման» փուլը, որի նպատակն է մեծացնել աշակերտների՝ իրենց բնակության (գրանցման) վայրին մոտ գտնվող հանրակրթական դպրոց ընդունվելու հնարավորությունը։

Կրթության նախարարության տարածած հաղորդագրության մեջ կարդում ենք, որ «տարածքային սկզբունքով գրանցման» փուլում ընդգրկված կլինի 12 քաղաք՝ Թբիլիսին, Քութաիսին, Բաթումին, Ռուսթավին, Փոթին, Զուգդիդին, Թելավին, Ամբրոլաուրին, Ախալցիխեն, Օզուրգեթին, Մցխեթան և Գորին։

«Թբիլիսիի դեպքում դպրոցական թաղամասերի վարչական սահմաններին մոտ ապրող աշակերտներն իրավունք կունենան գրանցվելու նաև հարակից թաղամասի այն դպրոցներում, որոնք իրենց բնակության վայրից հեռու են 1 կիլոմետրից ոչ ավելի։ Նշված հասցեների ցանկը և համապատասխան դպրոցները, առավել ճկունության նպատակով, կսահմանվեն անհատական վարչաիրավական ակտով։
Երրորդ փուլում գրանցումը կիրականացվի Հանրային ծառայությունների զարգացման գործակալության տվյալների էլեկտրոնային բազայում 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ աշակերտի գրանցման հասցեի համաձայն»,- ասված է հաղորդագրության մեջ։

2026-2027 ուսումնական տարում առաջին դասարանցիների գրանցման ժամկետները.

  • I փուլ – Գրանցման առաջին փուլում՝ 2026 թվականի փետրվարի 18-ից մարտի 2-ը ներառյալ, դպրոցներում կգրանցվեն կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաները։
    Առաջին փուլում գրանցվող երեխաների ծնողները պետք է դիմեն իրենց ընտրած հանրակրթական դպրոց։ Դպրոցի վարչակազմը երեխային կգրանցի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (EMIS): Կրթական հատուկ կարիքը հաստատելու նպատակով ծնողը դպրոցում լրացնում է համապատասխան ուղեգրման ձևը, որից հետո Մանդատուրի ծառայության ներառական և հատուկ կրթության աջակցության կենտրոնի մասնագետները կիրականացնեն երեխայի գնահատում և կրթական կարիքի սահմանում։ Կրթական հատուկ կարիքի հաստատման դեպքում դպրոցը կապահովի աշակերտի ընդունումը գնահատման եզրակացության և համապատասխան փաստաթղթերի հիման վրա։
    Առաջին փուլում գրանցված երեխաների համար փաստաթղթերի ներկայացման և ընդունման ժամանակահատվածն է 2026 թվականի մարտի 4-ից ապրիլի 17-ը ներառյալ։
    Կրթական հատուկ կարիք ունեցող աշակերտ կարող է համարվել այն երեխան, որն ունի. ա) ֆիզիկական սահմանափակում, բ) ինտելեկտուալ զարգացման խանգարում, գ) ուսման ունակության խանգարում, դ) սենսորային զարգացման խանգարում (լսողական և/կամ տեսողական), ե) խոսքի զարգացման խանգարում, զ) վարքային և հուզական խանգարում, է) երկարատև հոսպիտալացման կարիք, ը) սոցիալական գործոններով պայմանավորված դժվարություններ ուսման մեջ, ինչի պատճառով չի կարողանում հաղթահարել ազգային ուսումնական պլանի պահանջները, թ) աուտիզմի սպեկտր։
    Այն երեխաները, որոնց մոտ չի հաստատվի կրթական հատուկ կարիքը, հնարավորություն կունենան գրանցվելու հաջորդ փուլերում։
  • II փուլ – Այս փուլում աշակերտների գրանցումը և փաստաթղթերի ներկայացումը կիրականացվի 2026 թվականի ապրիլի 21-ից մայիսի 8-ը ներառյալ։ Այս փուլում գրանցվում են այն երեխաները՝
    * որոնց քույրը կամ եղբայրը սովորում է տվյալ դպրոցում,
    * ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է,
    *ընտանիքից միաժամանակ երկու կամ ավելի երեխա է ընդունվում առաջին դասարան։
    Ներկայացված փաստաթղթերի հիման վրա գրանցումն ապահովում է հանրակրթական դպրոցը։
  • III փուլ – Տարածքային սկզբունքով առցանց գրանցում – կշարունակվի 2026 թվականի մայիսի 15-ից մայիսի 25-ը ներառյալ։ Գրանցումը կիրականացվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում՝ registration.emis.ge: Գրանցումն ապահովում է ծնողը/օրինական ներկայացուցիչը։ III փուլում էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտի ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը կիրականացվի 2026 թվականի մայիսի 27-ից հունիսի 12-ը ներառյալ։
  • IV փուլ – Համընդհանուր առցանց գրանցումը կսկսվի 2026 թվականի հունիսի 15-ին և կշարունակվի մինչև հուլիսի 3-ը ներառյալ։
    Գրանցումը կիրականացվի registration.emis.ge կայքում։ Գրանցումն ապահովում է ծնողը/օրինական ներկայացուցիչը։ Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտի ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը կիրականացվի 2026 թվականի հուլիսի 6-ից հուլիսի 17-ը ներառյալ։ Սահմանված ժամկետներում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ինքնաբերաբար կչեղարկվի։
  • V փուլ – Այս փուլում կիրականացվի մնացած ազատ տեղերում կամ նախորդ փուլերում ազատված տեղերում այն աշակերտների գրանցումը, որոնք չեն կարողացել գրանցվել I, II, III և IV փուլերում կամ ցանկանում են փոխել գրանցումը։ Այս փուլի համար գրանցումը և փաստաթղթերի ներկայացումը սահմանված է 2026 թվականի հուլիսի 20-ից հուլիսի 31-ը ներառյալ։ Ծնողի ներկայացրած անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա հինգերորդ փուլում աշակերտի գրանցումն ապահովում է հանրակրթական դպրոցը։

Առաջին դասարան ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

  1. Աշակերտի օրինական ներկայացուցչի դիմումը, որը պետք է պարունակի տեղեկատվություն օրինական ներկայացուցչի բնակության վայրի և հեռախոսահամարի վերաբերյալ,
  2. Օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և Վրաստանում կացության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում)։ Օտար լեզվով փաստաթղթեր ներկայացնելու դեպքում դրանց պետք է կցվի վրացերեն թարգմանությունը՝ սահմանված կարգով։
  3. Աշակերտի ծննդյան վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը կամ Վրաստանում կացության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում)։ Օտար լեզվով փաստաթղթեր ներկայացնելու դեպքում դրանց պետք է կցվի վրացերեն թարգմանությունը։