Շրջանցելով ՌԴ-ն՝ Ուզբեկստանը բեռները Վրաստանի տարածքով ուղարկել է Եվրոպա

Ուզբեկստանն առաջին կոնտեյներային գնացքն ուղարկել է Եվրոպա Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղիով՝ շրջանցելով Ռուսաստանը։ Այս տեղեկությունը տարածել է ուզբեկական Podrono.uz-ը՝ վկայակոչելով Ուզբեկստանի երկաթուղիների հայտարարությունը:

Ըստ Podrono.uz-ի՝ գնացքը կերթևեկի Ուզբեկստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Բուլղարիա/Եվրոպա երթուղիով, լաստանավային անցումներով կհատի Կասպից և Սև ծովերը: Նոր երթուղու երկարությունը կազմում է ավելի քան 4 000 կիլոմետր։ Պղնձի խտանյութով բեռնված առաջին կոնտեյներային գնացքը Ուզբեկստանից մեկնել է բուլղարական Բուրգաս նավահանգիստ։ Բեռնատար գնացքը բաղկացած է 46 վագոնից և 91 միավոր 20 ֆուտանոց կոնտեյներներից։

Նշենք, որ մինչ այդ Ուզբեկստանից բեռնատար գնացքները շարժվում էին Եվրոպա-Ասիա երկաթուղային փոխադրումների հյուսիսային ճանապարհով, որն անցնում է Ռուսաստանի տարածքով։ Այսպիսով, Ռուսաստանին դաշնակից Կենտրոնական Ասիայի պետություններից Ուզբեկստանը` Ղազախստանից հետո, փորձում է դիվերսիֆիկացնել իր տրանսպորտային ուղիները՝ շրջանցելով պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանը։